Գագիկ Խաչատրյանը տեղափոխվել է հետ՝ կալանավայր


19:00 , 6 սեպտեմբեր, 2019

Azatutyun.am-ը գրում է․

Պաշտոնեական դիրքի չարաշահման և խոշոր չափերի վատնման մեղադրանքով կալանավորված Պետեկամուտների կոմիտեի (ՊԵԿ) նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանը «Աստղիկ» բժշկական կենտրոնից տեղափոխվել է հետ՝ կալանավայր, այս մասին «Ազատությանը» հայտնեցին Քրեակատարողական ծառայությունից։

Այսօր ավելի վաղ Խաչատրյանը տեղափոխվել էր «Աստղիկ» բժշկական կենտրոն՝ ընդհանուր հետազոտման։

Խաչատրյանը մեղադրվում է պաշտոնեական դիրքի չարաշահման և խոշոր չափերի վատնման մեջ: Մեղադրանքի դրվագներից մեկով՝ նախկին պաշտոնյայի ղեկավարած կառույցում գրանցվել են աշխատակիցներ, որոնց աշխատավարձ է փոխանցվել, սակայն իրականում աշխատանքի չեն հաճախել: Ազգային անվտանգության ծառայությունը Խաչատրյանին ձերբակալել է օգոստոսի 27-ին:

Գագիկ Խաչատրյանը Սերժ Սարգսյանի նախագահության տարիներին, մասնավորապես՝ 2008 թվականից, զբաղեցրել է ՊԵԿ նախագահի պաշտոնը, իսկ 2014-2016-ը ղեկավարել է միավորված ՊԵԿ-ն ու Ֆինանսների նախարարությունը, որն ընդդիմադիրները անվանում էին «սուպերնախարարություն», իսկ Խաչատրյանին՝ «սուպերնախարար»: Գրեթե ողջ կյանքում պետական պաշտոններ զբաղեցրած Խաչատրյանի ընտանիքին է պատկանում Galaxy ընկերությունների խումբը, որում ներառված են «Յուքոմ» հեռահաղորդակցության ընկերությունը, «Երևան մոլ»-ը, «Խրոնոգրաֆ», «Մեգա թոյզ», «Պանդորա» խանութները, «Մեգա ֆուդ» ընկերությունը։