Նիկոլ Փաշինյանը «Լիդիան ինթերնեյշնլ»-ի հետ քննարկել է Ամուլսարի ծրագրի շուրջ ստեղծված իրավիճակը


18:20 , 6 սեպտեմբեր, 2019

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է «Լիդիան ինթերնեյշնլ» ընկերության ժամանակավոր նախագահ և գործադիր տնօրեն Էդվարդ Սելլերսին և «Լիդիան Արմենիա» ընկերության գործադիր տնօրեն Հայկ Ալոյանին: Այս մասին հայտնում է վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:

Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են Ամուլսարի ծրագրի շուրջ ստեղծված իրավիճակին վերաբերող հարցեր: Մասնավորապես, անդրադարձ է կատարվել Ամուլսարի հանքի վերաբերյալ իրականացված միջազգային փորձաքննության եզրակացությանը, դրա վերլուծության արդյունքներին և բարձրացված խնդիրներին:

Նիկոլ Փաշինյանն այսօր կառավարությունում հանդիպում է ունեցել նաև Վայոց ձորի մարզի Ջերմուկ քաղաքի բնակչության ներկայացուցիչների հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել է Ամուլսարի հանքավայրի ծրագրի հետ կապված իրավիճակը: Մասնավորապես, անդրադարձ է եղել Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման (ՇՄԱԳ)  ընթացակարգերին, ծրագրի մոնիթորինգի հարցին, խնդրի իրավական, տնտեսական, բնապահպանական ասպեկտներին և հանրային մտահոգություններին:

Վարչապետը կարևորել է կառավարություն-հասարակություն երկխոսությունը հանրությանը հուզող հարցերի շուրջ և նշել, որ Ամուլսարի հանքավայրի ծրագրի հետ կապված իրավիճակի լուծումը պետք է հենված լինի Հայաստանի Հանրապետության հավասարակշռված շահի վրա, իսկ հետագա քայլերը պետք է իրականացվեն՝ հաշվի առնելով ծրագրի բոլոր բաղադրիչները համալիր ամբողջության մեջ դիտարկելու կարևորությունը: