Զբոսաշրջիկը մեկ գավաթ գարեջրի համար 68 հազար դոլար է վճարել


16:15 , 6 սեպտեմբեր, 2019

Ավստրալացի զբոսաշրջիկ, լրագրող Փիթեր Լեյլորը 55 հազար ֆունտ ստեռլինգ է (մոտ 68 հազար դոլար) վճարել մեկ գավաթ գարեջրի համար՝ Մանչեսթերի (Մեծ Բրիտանիա) Malmaison հյուրանոցում գտնվող բարում, հաղորդում է Guardian-ը:

Լեյլորի խոսքերով, նա ստիպված էր կրկնակի մուտքագրել իր կրեդիտ քարտի գաղտնաբառը տերմինալում, ինչի պատճառով նրա հաշվից 22.5 ֆունտի փոխարեն (մոտ 28 դոլար) հանվել է 55 հազար ֆունտ ստեռլինգ: Դրանից հետո զբոսաշրջիկը բարի աշխատակցուհուն խնդրել է պարզել իր կողմից վճարված գումարը: Աղջիկը վախեցել է և ավստրալացուն անմիջապես ցույց չի տվել գարեջրի չեկը: Հյուրանոցի մենեջերը խոստացել է շտկել սխալը, և Լեյլորը լքել է հաստատությունը՝ վստահ լինելով, որ բանկն իր հաշվից նման գումար չի հանի: Այնուամենայնիվ, գումարը հանվել է, և այն վերադարձնելու համար 10 աշխատանքային օր է պահանջվել:

Malmaison հյուրանոցի ներկայացուցիչը կապ է հաստատել Փիթեր Լեյլորի հետ, ներողություն է խնդրել սխալի համար և խոստացել է հետաքննել կատարվածը: