Օգոստոսին կահույքի, սպասքի գներն աճել են


13:00 , 6 սեպտեմբեր, 2019

2019թ. օգոստոսին 2018թ. օգոստոսի համեմատ ոչ պարենային ապրանքների շուկայում գրանցվել է 2.4% գնաճ, իսկ 2019թ. հուլիսի համեմատ գների մակարդակը մնացել է անփոփոխ:

Ըստ վիճակագրական կոմիտեի՝ 2019թ. օգոստոսին հուլիսի համեմատ հանրապետությունում գրանցվել է կահույքի և կահավորանքի՝ 0.1%, ապակե ամանեղենի, ճաշասպասքի և տնային կահ-կարասու՝ 0.5%, ոսկերչական զարդերի՝ 1.3%, գրասենյակային պարագաների 2.4% գնաճ:  

Միաժամանակ, տարբեր տեսակի կոշկեղենի գները նվազել են 0.4%-ով, խոշոր կենցաղային սարքերինը, գորգերինը և հատակի ծածկերինը, կենցաղային և այգեգործական գործիքներինը, կենցաղային փոքր էլեկտրական սարքերինը՝ 0.3%-ով, մաքրող, լվացող միջոցներինը և բնակարանի խնամքի այլ պարագաներինը՝ 0.2%-ով, բնակարանի նորոգման և սպասարկման նյութերինը, դեղագործական ապրանքներինը՝ 0.1%-ով, իսկ հագուստի, վառելանյութի և քսայուղերի ապրանքախմբերում պահպանվել է  գների նախորդ ամսվա մակարդակը:

2019թ. օգոստոսին հուլիսի համեմատ բենզինի և դիզելային վառելիքի գները մնացել են անփոփոխ: 2019թ. օգոստոսին 2018թ. օգոստոսի համեմատ բենզինի և դիզելային վառելիքի գներրը նվազել են համապատասխանաբար 4.2% և 0.4%-ով, իսկ 2019թ. օգոստոսին 2018թ. դեկտեմբերի համեմատ հանրապետությունում արձանագրվել է բենզինի 1.4% գնանկում և դիզելային վառելիքի 2.0% գնաճ: