Թայմ Սքուերի համբույրը. մի լուսանկարի անհավատալի պատմություն


12:40 , 6 սեպտեմբեր, 2019
1945 թ․-ի օգոստոսի 14-ին ԱՄՆ նախագահ Տրումանը հայտարարեց Ճապոնիայի կապիտուլացիայի մասին։ Հենց այս նորությամբ էլ սկսվեց այս զարմանալի լուսանկարի պատմությունը, որը մի քանի օրում դարձավ աշխարհի ամենահայտնի լուսանկարներից մեկը՝ իր մեջ ամփոփելով պատմությունն ու մարդկային ամենամաքուր էմոցիաները։ 
Ինչպես արդեն նշվեց, Թայմ Սքուերի համբույրն աշխարհի ամենահայտնի լուսանկարներից է, որն իր ստեղծողին՝ Ալբերտ Էյզենշտատին, բերեց մեծ ճանաչում ու փառք, սակայն լուսանկարում իրականում ոչ թե պատկերված է իրար սիրող ու համբուրվող զույգ, այլ երկու անծանոթներ, ովքեր տրվեցին ուրախության էմոցիաներին ու սկսեցին համբուրվել։ 
Լուսանկարիչ Ալբերտը պատմում էր, որ նա Թայմ Սքուերում իր գործն էր անում՝ փորձում էր ֆիքսել տպավորիչ կադրեր, երբ տեսավ իրեն ուրախությունից կորցրած նավաստու, ով կլիներ մոտ 20 տարեկան։ Նավաստին թռվռում էր ուրախությունից, երբ նկատեց իր կողքին կանգնած գրեթե նույն տարիքի բուժքրոջը։ Հենց այդ պահին նա քաշեց բուժքրոջ ձեռքն ու անսպասելիորեն համբուրեց նրան։ Այս տեսարանը չվրիպեց լուսանկարչի աչքից, ով անմիջապես վերցրեց լուսանկարչական ապարատն ու ֆիքսեց ամենաէմոցիոնալ կադրը, որն ընդամենը մեկ շաբաթից հայտնվեց Life ամսագրի շապիկին՝ նրան անասելի ճանաչում բերելով։ 
Հետաքրքրական է, որ մեկ այլ լուսանկարիչ ևս ֆիքսել էր պահն ու արել լուսանկար, սակայն նրա լուսանկարն այդպես էլ անհայտ մնաց, քանի որ նրա կադրում համբույրն այդքան տպավորիչ չէր, որքան Ալբերտի աշխատանքում։ 
Սակայն այսքանով ամեն ինչ չավարտվեց։ Մարդիկ ամեն կերպ ուզում էին իմանալ, թե ովքեր են իրականում լուսանկարի հերոսները։ Դրա արդյունքում վերջապես 1970-ական թվականներին հերոսուհին ի հայտ եկավ։ Նա Էդիթ Շեյնն էր՝ ամերիկացի բուժքույր, ով նամակ էր գրել Life ամսագրին ու պատմել լուսանկարի պատմությունն իր տեսանկյունից։
Ի տարբերություն հերոսուհու՝ հերոսին գտնելը չափազանց դժվար էր, քանի որ լուսանկարում նրա դեմքը գրեթե չէր երևում։ Տասնյակ նավաստիներ հայտարարեցին, որ հենց իրենք են լուսանկարի հերոսը, սակայն «սուտասաններին» կարողացավ բացահայտել հենց Շեյնը։ 
Յուրաքանչյուր ինքնակոչի նա հարցնում էր, թե ինչ ի վերջո ասաց իրեն նավաստին համբուրելուց անմիջապես հետո։ Պատասխաններն իրարամերժ էին․ մեկն ասում էր, որ հեռախոսի համարն է ուզել, մյուսը, որ պարզապես կոմպլիմենտ է արել, սակայն Շեյնը հետագայում ասաց, որ իրականում իրենք չեն էլ խոսել։ Երիտասարդն իրեն համբուրել է ու գնացել։ 
Տարիներ անց միայն հայտնվեց հերոսի իրատեսական թեկնածու, սակայն անգամ նրա մահից հետո աշխարհն այդպես էլ չիմացավ՝ արդյոք ինքն էր լուսանկարի հերոսը, թե ոչ։ Չնայած շատ անհայտներով լցված այս պատմությանը՝ լուսանկարը, միևնույն է, այսքան տարի անց անգամ փոխանցում է այն մթոնոլորտն ու ուրախությունը, որ տիրել է այդ պահին, ու հիացած թողնում դիտողին։