Հարավային Օսիան իր անցակետը կտեղակայի Վրաստանի հետ սահմանին


13:40 , 5 սեպտեմբեր, 2019

Հարավային Օսիայի սահմանապահները մտադիր են անցակետ կառուցել Վրաստանի հետ սահմանին գտնվող Ցնելիս գյուղի մերձակայքում: Այս մասին հաղորդել է «ՌԻԱ Նովոստին»՝ հղում անելով հանրապետության պետական անվտանգության կոմիտեին:

Ինչպես նշվում է, նման որոշում է կայացվել, որպեսզի վրացական կողմին թույլ չտան վերահսկողություն հաստատել Հարավային Օսիայի մի մասի վրա:

Հստակեցվում է, որ սահմանային անցակետը տեղակայվելու է Հարավային Օսիայի Հանրապետության և Վրաստանի սահմանային գծում՝ շուրջ 945 մետր բարձրության վրա:

Ինչպես շեշտվում է, անցակետի կառուցումն իրականացվում է մարդասիրական օպերացիայի շրջանակում, որի նպատակը սահմանային ռեժիմի պահպանումն ու հանրապետության քաղաքացիների անվտանգության ապահովումն է:

Ավելի վաղ Հարավային Օսիան Վրաստանին մեղադրել էր սահմանին իրավիճակի աննախադեպ սրման համար: