Այսօրվա սպիները վաղը կդառնան գլուխգործոցներ. Կինսուգի՝ իրերը ոսկով նորոգելու ճապոնական արվեստը


13:06 , 5 սեպտեմբեր, 2019

Կինսուգին ճապոնական արվեստի տեսակ է, երբ կոտրված իրերը վերանորոգում են ոսկով։

Մենք մեր առօրյայում սովոր ենք, որ երբ կավե կամ որևէ այլ իր ենք կոտրում, դեն ենք նետում այն՝ վստահ լինելով, որ այն այլևս պիտանի չէ օգտագործման համար։ Սակայն ճապոնացիներն այդպես երբեք չեն վարվում։

Ճապոնական փիլիսոփայության մեջ կա այսպիսի պատկերացում, որ եթե իրը կամ մարդը կոտրված է, նրան պետք է շրջապատել «ոսկով», ու նրա սպիները կվերարժևորվեն՝ ավելի գեղեցիկ ու լավը դառնալով։

Ե՛վ մարդուն, և՛ անշունչ առարկաներին կոտրված պահերին պետք է ոգեշնչել, որպեսզի նրանք կարողանան շարունակել ապրել։ Այսպես տարիներ շարունակ Կինսուգին, որը բառացի թարգմանած նշանակում է ոսկով նորոգել, փորձում է կոտրված իրերին նոր շունչ հաղորդել ու դարձնել այնպիսին, որ անգամ թանգարաններում այդ իրերը տեղ գտնեն։

Այսպես բազմաթիվ ոսկով նորոգված իրեր այնքան են բարձրացնում իրենց գինը, որ նրանց գնելու համար անգամ արտերկրից գալիս են մարդիկ՝ գլուխգործոցը օր առաջ ունենալու համար։

Այսպես ճապոնացիները խորհուրդ են տալիս վարվել նաև մարդկանց հետ։ երբ մարդը կոտրված է, նրան պետք է ուղղակի աջակցություն, որ իր կողքին լինեն, իրեն առաջ գնալու հույսեր տան։ Աջակցությունը, սերն ու ուշադրությունն այն «ոսկին» են, որ օգնում են մարդուն առաջ շարժվել։ Ընդամենը մեկ ժպիտն ու խոսքը կարող են ամբողջովին փոխել կոտրված մարդու կյանքը։

Ի վերջո, ըստ ճապոնացիների, պետք է հիշել, որ այսօրվա սպիները, որ մենք ստանում ենք կյանքից ու մարդկանցից, ոչ այլ ինչ են, քան վաղվա գլուխգործոցներ, որոնց առնչվելու համար դեռ հերթ են կանգնելու հազարավոր մարդիկ։