Սովորիր հեռանալ. չինական փիլիսոփայությունը սովորեցնում է իսկական սիրո փոխադարձության քայլերը


12:05 , 5 սեպտեմբեր, 2019

Չինական փիլիսոփայությունն առանձնանում է ոչ միայն իմաստությամբ, այլ նաև սիրո մասին առանձնահատուկ պատկերացումներով։ Այդ պատկերացումներից մեկն էլ այն մասին է, որ սերը, եթե այն որպես այդպիսին կա, պետք է լինի փոխադարձ։

Ի՞նչ է ասում չինական փիլիսոփայությունը:

Ասում է՝ քո ու դիմացինիդ միջև յուրաքանչյուր հարաբերության սկզբում ընդամենը 10 քայլ է: Այդ 10 քայլից 5-ը պետք է անես դու, մյուս 5-ը պետք է անի «նա»: Սա փոխադարձության սկզբունքի ամենակարևոր կանոնն է: Եթե դու արել ես քո 5 քայլը, ու քեզ դեռ ոչ ոք չի դիմավորել, ուրեմն՝ հետքայլ անելու ժամանակն է: Միշտ էլ կարելի է սպասել, հուսալ, հավատալ, բայց մինչ դիմացինդ գոնե 1 քայլ կանի, դու կկորցնես մեկ ուրիշին ընդառաջ գնալու ևս մեկ հնարավորություն:

Փիլիսոփաները հավատացնում են, որ երբեմն, երբ դու անում ես քո 5 քայլն ու տեսնում ես, որ դեռ ընդառաջ եկող չկա, որոշում ես անել նաև վեցերորդը, հետո՝ յոթերորդը, ու այդպես շարունակ: Արդյունքում դիմացինին քայլ անելու տեղ էլ չես թողնում, ու փոխադարձության սկզբունքը ամբողջովին շուռ է գալիս՝ սիրո ու հարգանքի ամբողջ բեռը թողնելով քո ուսերին, այնինչ դիմացինը նորից ոչ մի պատասխանատվություն չի ստանձնում:

Ժամանակի ընթացքում այս հավելյալ քայլերը շրջվում են քո դեմ ու դու հայտնվում ես մի իրավիճակում, որտեղ էմոցիաները մինչև վերջ արտահայտողի դերը քոնն է եղել, իսկ նրանը եղել է դրանք վերցնելու, երբեմն արհամարհելու, երբեմն էլ անլրջությամբ դրանք ծաղրելու դերը:

Դրա համար պետք է սովորել ժամանակին հեռանալ։ Սակայն ժամանակին լռելու ու հեռանալու տաղանդը գալիս է միայն ժամանակի ու տարիքի հետ, ու այդ տաղանդի հայտնաբերումն է, որ վերջապես թույլ է տալիս նաև տիրապետել ճիշտ մարդուն ընդառաջ գնալու ու քայլ անելու սկզբունքին։