Հայտնի են ապրելու համար աշխարհի ամենահարմարավետ քաղաքները


23:20 , 4 սեպտեմբեր, 2019

Վիեննան վերստին առաջին տեղն է զբաղեցրել ապրելու համար առավել հարմարավետ քաղաքների վարկանիշում, որն ամեն տարի կազմում է Economist բրիտանական հանդեսը:

Անցած տարի Վիեննան առաջին անգամ առաջ անցավ ավստրալական Մելբուրն քաղաքից: 2019 թվականին Մելբուրնը կրկին հայտնվել է երկրորդ դիրքում, թեեւ մինչ այդ երկար տարիներ վարկանիշի առաջատարն էր: Այս տարի երրորդ տեղում Սիդնեյն է, որը պատվանդանից տեղաշարժել է Ճապոնիայի Օսակա քաղաքը:

Կենսամակարդակն զգալիորեն աճել է սերբական Բելգրադում, Հանոյում (Վիետնամ) եւ Կիեւում (Ուկրաինա): Նախավերջին տեղերը, ինչպես եւ անցյալ տարի, զբաղեցնում են Դաքքա (Բանգլադեշ) եւ Լագոս (Նիգերիա) քաղաքները: Վարկանիշը եզրափակում է սիրիական Դամասկոսը, որը փորձագետների կողմից ամենաանհարմարավետն է ճանաչվել ապրելու համար:

Վարկանիշը կազմվում է՝ հաշվի առնելով երեսունից ավելի ցուցանիշներ, այդ թվում՝ կայունությունը, առողջապահության մակարդակը, երկրի մշակութային զարգացումը, կրթությունը, շրջակա միջավայրի մաքրությունը եւ ենթակառուցվածքի զարգացածությունը, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: