Արտաբյուջետային այս պահին առկա միջոցները մտնում են բյուջե, բյուջեն էլ, վարչապետի խոստման համաձայն, կտրուկ աճում է, շատ պարզ


15:49 , 4 սեպտեմբեր, 2019

Ֆինանսների նախարար Ջանջուղազյանն առաջարկում է հրաժարվել արտաբյուջետային միջոցներից՝ նպատակադրելով զրկել տեղական ինքնակառավարման մարմիններին այդ միջոցներից օգտվելու հնարավորությունից, ու մեծացնել դրանց նկատմամբ վերահսկողությունը: Ջանջուղազյանն առաջարկում է այդ միջոցները մտցնել բյուջեի հիմնական հոդվածներ:

Հիշեցնեմ, որ դրանք այն միջոցներն են, որոնք օգտագործվում են մի շարք նպատակներով, հիմնականում նպատակային և ոչնպատակային ծրագրերի իրականացման, սոցիալական խնդիրների լուծման համար, մի շարք ռիսկերի կառավարման համար, որոնք արտացոլված չեն բյուջեի տողերում, այլ կերպ ասած՝ դրանք ունեն լրացուցիչ միջոցների դերակատարում:

Հիմա ի՞նչն է խանգարում առանց բյուջեի կառուցվածքային փոփոխությունների օրենքով սահմանված կարգով մեծացնել այդ միջոցների նկատմամբ վերահսկողությունը, օրինակ՝ ներդնելով դրանց օգտագործման հաշվետվողականության մեխանիզմ: 
Որքանո՞վ լինենք վստահ, որ չկանխատեսված իրավիճակներում առանց արտաբյուջետային միջոցների բյուջեն կունենա արագ արձագանքի ճկուն մեխանիզմ:

Որքանո՞վ լինենք վստահ․ ի վերջո, որ այս քայլը չի հավակնում դառնալ «տնտեսական հեղափոխության» վկա. արտաբյուջետային այս պահին առկա միջոցները մտնում են բյուջե, բյուջեն էլ, վարչապետի խոստման համաձայն, կտրուկ աճում է: Շատ պարզ է։