Սյունիքում հովիվներ են սպանվել


11:40 , 4 սեպտեմբեր, 2019

ՔԿ Սյունիքի մարզային քննչական վարչությունում քննություն է տարվում՝ երկու հովվի սպանության բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ:

2019թ. սեպտեմբերի 3-ին՝ ժամը 17:05-ին, Ոստիկանության Սիսիանի բաժնում քաղաքացուց ահազանգ է ստացվել այն մասին, որ Սյունիքի մարզի Տորունիք բնակավայրի արոտավայրում հայտնաբերել է հորը և համագյուղացուն՝ մահացած վիճակում:

Քննչական կոմիտեից հայտնում են, որ անմիջապես դեպքի վայր է մեկնել քննչական օպերատիվ-խումբը և հայտնաբերել Տորունիք բնակավայրի բնակիչ, 1968թ. ծնված տղամարդու դին՝ գլխի գագաթային շրջանի վնասվածքներով, և նույն բնակավայրի՝ 1992թ. ծնված երիտասարդին՝ կզակի ստորին հատվածում հրազենային վնասվածքով, ինչպես նաև՝ վերջինիս դիակի կողքին՝ 16 մմ տրամաչափի մեկփողանի ողորկափող որսորդական հրացան:

Դեպքի առթիվ ՀՀ ՔԿ Սյունիքի մարզային քննչական վարչության Սիսիանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով:
Նախաքննության ընթացքում կատարվել են մի շարք քննչական գործողություններ՝ հարցաքննություններ, դեպքի վայրի զննություն, որի ընթացքում վերցվել են փորձանմուշներ:
Տուժողներին հասցված մարմնական վնասվածքի բնույթը, ծանրության աստիճանը, առաջացման մեխանիզմը և մի շարք այլ հանգամանքներ պարզելու նպատակով նշանակվել է դիակների դատաբժշկական փորձաքննություն:

Նախաքննությունը շարունակվում է: Միջոցներ են ձեռնարկվում՝ դեպքի հանգամանքների բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ հետազոտումն ապահովելու ուղղությամբ:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: