Վիսկին պաշտպանում է օրգանիզմն ուռուցքների առաջացումից. պարզել են իսրայելցի գիտնականները


21:00 , 3 սեպտեմբեր, 2019

Փորձելով պարզել՝ օգտակա՞ր են ալկոհոլային խմիչքները, թե՞ ոչ, հետազոտողները մշտապես ապացույցներ են փնտրում կամ հերքումներ։ Արդյունքում նրանք պարզել են, որ վիսկին կարող է օգտակար լինել մեր առողջության համար, իհարկե, խելամիտ չափաբաժնով։

Վիսկին հարուստ է էլլագաթթվով, որը հնարավոր է գտնել նաև մրգերի մեծ մասի մեջ։ Այն հակաօքսիդանտ է համարվում, այսինքն՝ ունի օրգանիզմի բջիջները օքսիդային սթրեսից ազատելու ունակություն։ Իսկ ազատ ռադիկալների կողմից պատճառված վնասը հանգեցնում է մուտացիաների և բջիջների չարորակ վերափոխման, այսինքն՝ ուռուցքի առաջացման։

Վիսկիի չափավոր օգտագործումը պաշտպանում է օրգանիզմին նաև տարիքային թուլությունից։ Իսրայելի բժշկական կենտրոնի մասնագետների կատարած հետազոտությունը վկայում է այն մասին, որ թուլամտության զարգացման հավանականությունը փոքր է այն տարեցների մոտ, որոնք չափավոր քանակությամբ ալկոհոլ են օգտագործել, ի տարբերություն նրանց, ովքեր երբեք չեն օգտագործել ալկոհոլ։

Վիսկին, ըստ շատ գիտնականների, դասվում է ալկոհոլային այն խմիչքների թվին, որոնք կարողանում են պահպանել սրտամկանի առողջությունը, կրճատել արյան մեջ «վատ» խոլեստերինի քանակը և ավելացնել «լավինը»։ Բացի դրանից՝ վիսկին անվնաս խմիչք է համարվում նաև դիաբետիկների համար, քանի որ այն պարունակում է քիչ քանակությամբ շաքար և ածխաջրեր։ Վիսկիի մեկ չափաբաժինը հանգստացնում է նյարդերն ու ուղեղը՝ դանդաղեցնելով դրա ակտիվությունը։

Չնայած որ վիսկին չի համարվում երիտասարդ մնալու աղբյուր, այն կարող է Ձեզ օգնել առողջ մնալ՝ ընդամենը մեկ կամ երկու կում անելով։