Հայաստանը՝ ժողովրդավարության պոչամբար


15:19 , 3 սեպտեմբեր, 2019

Նիկոլ Փաշինյանն իր պաշտոնավարման ինչպես մեկ տարին, այնպես էլ 500 օրը նշեց՝ թմբկահարելով իր կառավարության գլխավոր ձեռքբերումը՝ «ժողովրդավարությունը»: Յուր թիմակիցներն այս ընթացքում ավելի հեռու գնացին՝ հայտարարելով, որ Հայատանն այլևս ժողովրդավարության բաստիոն է, ԱՄՆ-ից և Եվրոպայից էլ զիլ:

Իհարկե, Հայաստանում ժողովրդավարության մասին նման անհեթեթ հայտարարությունները լավագույն դեպքում մեծահոգի և կարեկցող ժպիտ կարող են առաջացնել ներսում օրեցօր շատացող, իրականության զգացողությունը չկորցրած հարյուրհազարավոր մարդկանց մոտ, իսկ դե արտերկրում արձագանքների մասին ավելի լավ է լռել․ վերջիվերջո, երկրիս պատիվն է…

Այսքանը հերիք չէր, հանկարծ Նիկոլը մի օր որոշում է, որ այլևս պետք է զբաղվի «ժողովրդավարության էքսպորտով», իսկ քանի որ ոչ մի լուրջ տեղում նման խեղկատակ կառավարման համակարգը պիտանի չէ, նա որոշում է, որ իր նիկոլա-գանդիզմի արտահանումը պետք է կազմակերպի Արցախի Հանրապետություն:

Այս ցնդաբանական գաղափարն արտահայտվեց ոչ միայն իր հարցազրույցներում (Նուվել դ՛Աղմենի), պաշտոնական հայտարարություններում (Արցախի Հանրապետության Անկախության օրվա ուղերձ), այլև իր մերձավոր երկու ՀԿ-ներին պետական բյուջեից Արցախի ՏԻՄ ընտրություններին գործուղելու որոշմամբ:

Ուզում եմ հատուկ շեշտել, որ մինչ Հայաստանի կառավարության համապատասխան որոշումն Արցախը ԿԸՀ-ն այդ ՀԿ-ներին հրավերներ չէր ուղարկել:

Ի՞նչն ես ուզում արտահանես Արցախ, Նիկոլ: Գրպանային Ազգային ժողո՞վը: Կիսագրագետ կառավարությո՞ւն: Դատարանների վրա ճնշումնե՞րը: Ատելության և անհանդուրժողականության քարոզչությո՞ւնը: Քո ձեռքերում խաղալիք դարձած իրավապահ համակա՞րգը: Քաղաքական մրցակիցների նկատմամբ ճնշումներն ու կալանավորո՞ւմը:

Պաշտոնավարման 500 օրվա ընթացքում, ստանալով ժողովրդական աջակցության հսկայական պաշար, դու անխնայաբար, խախտելով քաղաքական համակարգի գործունեության բոլոր կաննոները, շահագործել ես մի մեծագույն հարստություն, մի բացառիկ հանք՝ մարդկանց վստահությունը:

Ու, ավաղ, Հայաստանը քո ձեռքերում դարձել է ոչ թե ժողովրդավարության բաստիոն, այլ ժողովրդավարության պոչամբար՝ սրանից բխող բոլոր տոքսիկ, թունավոր և աղետալի հետևանքներով: