Խոլերայի համաճարակ Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունում. կա 257 զոհ


13:39 , 29 հունիս, 2013

Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետության Կատանգա նահանգում խոլերայի համաճարակ է բռնկվել: Հիվանդությունը խլել է 257 մարդու կյանք: 

Համաձայն ՄԱԿ-ի մարդասիրական հարցերի վարչության տվյալների՝ այս տարեսկզբից ի վեր նահանգում գրանցվել է խոլորայի 11,100 դեպք: 

Վարչության նախագահը Ժնևում ճեպազրույցի ժամանակ հայտնել է, որ խոլերայի համաճարակի բռնկման կենտրոնը Լուբումբաշի քաղաքն է, որտեղ մայիսից վտանգավոր հիվանդությամբ վարակվել է 6 հազար մարդ: 

Համաճարակի հիմնական պատճառը մաքուր ջրի ու սանիտարական պայմանների բացակայությունն է: 

ՄԱԿ-ի մարդասիրական հարցերով վարչությունը իր գործընկերների հետ համատեղ մեծացրել է մաքուր ջրի մատակարարումը, անցկացնում է իրազեկում բնակչության շրջանում ու անհապաղ բժշկական օգնություն է տրամադրում տեղի բնակչությանը: 

Մինչև տարեվերջ միջոցառումների իրականացման համար մարդասիրական կազմակերպություններին անհրաժեշտ կլինի 1,9 մլն դոլար: