Հրայր Թամրազյանը որակումներ է տալիս ու միակողմանի ներկայացնում Գագիկ Խաչատրյանի ձերբակալության շուրջ տեղի ունեցող քննարկումները


16:08 , 2 սեպտեմբեր, 2019
«Կիրակնօրյա վերլուծական Թամրազյանի հետ» սեպտեմբերի 1-ի թողարկմանը ծավալուն անդրադարձ կար ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանի կալանավորմանը։ «Ազատություն» ռադիոկայանի հայկական ծառայության տնօրենը Գագիկ Խաչատրյանի աշխատանքային սրընթաց վերելքը կապում է Սերժ Սարգսյանի հետ, որակումներ տալիս՝ «Այսպիսով՝ սուպերնախարար անունը ստացած նախկին բարձրաստիճան պաշտոնյան․․․»։ Թամրազյանը տաղավար հրավիրած միակ հյուրի` ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Գևորգյանի հետ զրույցում նշում է, որ Գագիկ Խաչատրյանը իր անունով ոչ մի բիզնես չունի, ամեն ինչ գրանցված է նրա որդիների, ազգականների անուններով, մինչդեռ փաստեր չկան։ Հայկ Գևորգյանը նշում է, որ դա իրավապահ մարմինները պետք է պարզեն։ Թամրազյանը պարբերաբար հղում է անում անցյալին՝ հիշեցնում Խաչատրյանի անցած ուղին, մինչդեռ շրջանցում այս օրերին շատ քաղաքագետների դիտարկումները, որ Գագիկ Խաչատրյանի ձերբակալությունը հասարակության ուշադրությունը Ամուլսարի խնդրից ու Ստամբուլյան կոնվենցիայից շեղելու համար էր։