ՄԻՊ. Արցախում ապրող մարդու իրավունքների պաշտպանությունը չպետք է կախվածության մեջ դրվի Արցախի կարգավիճակից


11:50 , 2 սեպտեմբեր, 2019

Հայաստանի Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն ուղերձ է հղել Արցախի Հանրապետության անկախության օրվա առթիվ։

Ուղերձում ասված է.

«Սիրելի՛ հայրենակիցներ,

Անցած 28 տարիների ընթացքում Արցախն ապացուցել է, որ արժանի է իր լիարժեք տեղն ունենալու քաղաքակիրթ ժողովրդավարական աշխարհում:

Իմ գործունեության կարևոր ուղղությունն եմ համարում միջազգային հարթակներում Արցախի ժողովրդավարական ճանաչելիությանը նպաստելը՝ աշխատանք տանելով միայն մարդու իրավունքների տեսանկյունից և բացառելով քաղաքական որևէ գործոն:

Ես մշտապես նշել եմ և շարունակելու եմ կրկնել, որ չի կարող տարածքի քաղաքական կարգավիճակը բացասական ազդեցություն ունենալ իրավունքների պաշտպանության վրա: Միջազգային իրավապաշտպան կառույցները պետք է աշխատանք տանեն հանրահայտ այս սկզբունքով, որն ընկած է հենց այդ կառույցների ստեղծման հիմքում:

Արցախում բնակվող մարդու իրավունքների երաշխավորումն ու պաշտպանությունը չպետք է կախվածության մեջ դրվի Արցախի քաղաքական կարգավիճակից: Այս բոլոր գործընթացներում  սկզբունքային կարևորության դեր ունեն Արցախի Մարդու իրավունքների պաշտպանն ու քաղաքացիական հասարակությունը:

Առանց ջանք խնայելու այս նպատակի համար պետք է աշխատենք բոլորս:
Շնորհավորում եմ արցախցիներին և ամբողջ հայությանը համահայկական այս տոնի առթիվ»։