Մեկ ազգ, երկու պետություն


11:10 , 2 սեպտեմբեր, 2019

Արցախն իր անկախության 28-րդ տարեդարձին փորձության լուրջ փուլ է թևակոխել։ Այդ փորձությունը սահմանից այն կողմ չէ։ Այն կողմից միշտ էլ հայտնի է, թե ինչ է պետք սպասել, ու միշտ էլ պատասխանը կա։

Խնդիրը թիկունքում է առաջացել։

Հայաստանում իշխանության է եկել քիրվայական գաղափարական արեալի ներկայացուցիչը, որը դոկտրինյոր չէ, ինչպես քիրվայականության գաղափարական հայրը, բայց, միևնույն է, ներծծված է այդ արժեքներով։

Հեղափոխությունից հետո պաշտոնական Երևանը պատերազմ է հայտարարել պաշտոնական Ստեփանակերտին։ Վարչապետի մակարդակով հակաղարաբաղյան քարոզ է տարվում կամ առնվազն խրախուսվում (ստեղծված հակաղարաբաղյան/հակաղարաբաղցիական մթնոլորտի արդյունք է այն, որ շրջանառության մեջ են հայտնվել «Այսինչ բանը ավելի կարևոր է, քան Արցախը», «Մեր տղաները չպետք է ծառայեն Արցախում», «Մարդիկ զոհվել են հանուն ոչնչի» և նմանատիպ այլ թեզերը)։

Պաշտոնապես հայտարարվում է, որ Արցախում դավադիրներ կան, որոնք կարող են շփման գծում լարվածություն ստեղծել կամ տարածք հանձնել, ինչ է, թե վնաս տան ՀՀ կառավարությանը։ Ավելի դավադիր հարված Արցախին, այն էլ՝ թիկունքից, դժվար է պատկերացնել։

Դավադրություն է նաև այն, որ պաշտոնական Երևանը խնդիր է դրել կարգինհայկոների իշխանություն ձևավորել Արցախում, իսկ թե ինչի կարող է դա հանգեցնել, հեշտությամբ կարելի է պատկերացնել։

Եթե Երևանում դրածո «Կարգինը» աղբի մեջ է թաղել մայրաքաղաքը, ապա Արցախի գլխին «Հայկո» նշանակելը ողբերգական հետևանքների կարող է հանգեցնել։

Տեղին է հիշեցնելը, որ Երևանն ու Ստեփանակերտը լարված հարաբերություններ են ունեցել նաև 1997-1998թթ.։ Այն ավարտվել է ՀՀ նախագահի հրաժարականով, քանզի հակառակ դեպքում մենք տանուլ էինք տալու հազարավոր մարդկանց արյան ու մեր ժողովրդի զրկանքների գնով ունեցած հաղթանակը և պետականությունը։

Թե երբ և ինչով կավարտվի այս անգամվա լարվածությունը, առաջիկա ամիսներին վերաբերող հարց է։ Սա շատ երկար չի կարող ձգվել, հակառակ դեպքում շատ ծանր գին են վճարելու Հայաստանն ու Արցախը։

Պետք է թույլ չտալ, որ Երևանում հայտնված բացիլը շատ տարածվի ու հասնի Ստեփանակերտ։ Բացիլը պետք է լոկալիզացվի և պետական օրգանիզմն առողջացվի։

Իր անկախության 28 տարիների ընթացքում Արցախը բազում մարտահրավերներ է ունեցել ու հաղթահարել դրանք։ Այս անգամ էլ բացառություն չի լինելու։ Ու այդ գործում պետք է ներգրավված լինեն հայաստանակենտրոն բոլոր ուժերն ու անհատները։

Մենք դատապարտված ենք հաղթանակի։