20-ամյա պատանին կարող է զրկվել թոքից՝ վեյփ օգտագործելու պատճառով


19:15 , 30 օգոստոս, 2019

20-ամյա Ուոքեր Մաքնայթին կարող է զրկվել թոքերից մեկից՝ էլեկտրոնային սիգարետների պատճառով։

Ըստ CBS News-ի, պատանին սկսել է օգտագործել JUUL-ի արտադրանքը Ֆլորիդայի քոլեջներից մեկում սովորելու ժամանակ, ընդ որում՝ վեյփից կախվածության համար ընդամենը հինգ ամիս է պահանջվել։ Առողջական խնդիրները սկսվել են տարեսկզբին. նախնական ախտանշանները նման են եղել գրիպին, և բժիշկները դրանց առանձնակի ուշադրություն չեն դարձրել։ Բայց տղայի առողջությունը շեշտակի վատացել է. նրա մոտ փսխումներ, տենդ և սարսուռ է սկսվել։

Ընթացիկ տարվա մարտին պատանին հոսպիտալացվել է թոքաբորբի և մահացու վտանգավոր ադենովիրուսի կասկածով։ Բժիշկները ստիպված են եղել նրան միացնել արտամարմնական մեմբրանային օքսիգենացման սարքին՝ արյունը թթվածնով հագեցնելու համար։

Ուոքերը հիվանդանոցից դուրս է գրվել միայն հինգ ամիս անց, բայց կրկին ստացիոնար բուժման կարիք է առաջացել շնչառական խնդիրների հետ կապված։ Բժիշկների գնահատմամբ, հնարավոր է նրա ձախ թոքի հեռացման անհրաժեշտություն առաջանա։

Պատանու մերձավորները առողջական խնդիրները կապում են վեյփինգի հետ և հույս ունեն, որ իրենց որդու պատմությունը շատերի համար ուսանելի կդառնա։

ԱՄՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնները (CDC) հայտարարել են, որ թոքերի ծանր հիվանդությունների մոտ 200 դեպքի հետաքննություն է անցկացվելու, որոնք, փորձագետների կարծիքով, կապված են վեյփինգի հետ։