Արմեն Սարգսյանի վերաբերյալ քննադատություններն ավելի սուր են դառնում


15:07 , 30 օգոստոս, 2019

2019թ-ի հուլիսի 11-ից 20-ը «Մեդիա պաշտպան» նախաձեռնությունը հետևել է առցանց մամուլում ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի անձին ու գործունեությանն առնչվող նյութերին։ Մշտադիտարկվել է ներհայաստանյան 35 առաջատար լրատվական կայք։
Նշված ժամանակահատվածում հայտարարագրվել է 175 հոդված, որոնցից 16-ը եղել է բացասական, 18-ը՝ դրական, 141-ը՝ չեզոք։
Այս տասնօրյակում ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն արժանացել է դրական և բացասական հոդվածների գրեթե հավասար չափաբաժնով։ Քննադատությունները, սակայն գնալով ավելի սուր են դառնում։ Արմեն Սարգսյանի ներհայաստանյան այցերը լրատվականների վերլուծություններում անվանակոչվել են որպես՝ «հյուրախաղեր», կամ «էքսկուրսիաներ»։ Նաև նշվում է, որ Արմեն Սարգսյանն իր գործողություններով այնքան է իջեցրել նախագահի ինստիտուտի վարկանիշը, որ կարելի է ասել՝ եթե այդ կառույցը չլինի, երկրում առանձնապես բան չի փոխվի։
Մամուլի հրապարակումների համաձայն՝ Արմեն Սարգսյանը պայմանավորվածություններ է ձեռք բերել պատգամավոր Արման Բաբաջանյանի հետ, բացի այդ նշվում է, որ Արմեն Սարգսյանը ԼՀԿ-ին իր կողմը քաշելու հեռահար նպատակներ ունի։ 
ԱԺ նախկին պատգամավոր Զարուհի Փոստանջանը դիմում է ներկայացրել ոստիկանություն։ Ըստ Զարուհի Փոստանջյանի՝ Արմեն Սարգսյանը նախագահի պաշտոնն ապօրինի է զբաղեցնում։ Նախկին պատգամավորը Արմեն Սարգսյանի անունը կրկին կապում է «Լիդիան» ընկերության հետ, որի շահագործմանը Զարուհի Փոստանջյանը դեմ է։ 
Այս ամենին զուգահեռ նաև լրատվականները և հասարակական-քաղաքական գործիչները նշում են, որ Արմեն Սարգսյանը գոնե այս փուլում որևէ առնչություն չունի «Լիդիան Արմենիայի» հետ և որևէ կերպ նրան այս գործընթացում ներքաշելն, առնվազն անարդար է։