Ի սկզբանե «Էլարդ»-ի եզրակացությունը մեզ համար արժանահավատ չի եղել. Էդմոն Մարուքյան


12:20 , 30 օգոստոս, 2019

Panorama.am-ը գրում է.

««Էլարդ»-ի փորձագետների հետ տեղի ունեցած տեսակոնֆերանսին չեմ հետևել, քանի որ գտնում էի՝ դա անիմաստ ժամանակի կորուստ է»,- այս մասին Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանն՝ անդրադառնալով կառավարությունում առցանց Ամուլսարի Ամուլսարի հանքի շահագործման վերաբերյալ եզրակացություն տված «Էլարդ» ընկերության փորձագետների հետ քննարկմանը:

Պատգամավորը նշեց, որ ի սկզբանե «Էլարդ»-ի եզրակացությունն իրենց համար արժանահավատ չի եղել։

«Թե ինչպես է այդ ընկերությունն ընտրվել եզրակացություն տալու համար, մեզ համար արժանահավատ գործընթաց չի եղել։ Հետևաբար, գտնում էինք, որ անիմաստ էր հերթական քննարկմանը մասնակցել՝ դրանով լեգիտիմացնելու «Էլարդ»-ի եզրակացությունը»,- նշեց Էդմոն Մարուքյանը։

Նրա խոսքով՝ տեսակոնֆերանսից հետո եղած արձագանքներից, մասնավորապես, վարչապետի գրառումից այն տպավորությունն է ստացել, որ Ամուլսարի ոսկու հանքի նախագծի համար նոր ՇՄԱԳ (Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատում) փորձաքննություն է իրականացվելու.

«Այս պահին ես դա եմ հասկանում և տեսակոնֆերանսի ամբողջ իմաստն էլ այն էր, որ նոր ՇՄԱԳ պատվիրեն և «Լիդիան Արմենիա» ընկերությանն ասեն, որ սա էլ փորձեցինք, հիմա պետք է նորից փորձաքննություն նշանակվի»։

Էդմոն Մարուքյանն նշեց նաև, որ ինքը դեմ է Ամուլսարի հանքի շահագործմանը։ 

Նշենք, որ օգոստոսի 29-ին կառավարությունում տեսակոնֆերանս է անցկացվել ELARD միջազգային խորհրդատվական ընկերության փորձագետների հետ, որի ընթացքում քննարկվել են Ամուլսարի հանքի վերաբերյալ իրականացված միջազգային փորձաքննության եզրակացության և դրա վերլուծության արդյունքները:

Տեսակոնֆերանսին մասնակցել են նաև Ազգային ժողովի «Իմ քայլը» և «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունների ներկայացուցիչները, կառավարության պատասխանատու գերատեսչությունների, շահագրգիռ մարմինների ղեկավարները, ինչպես նաև «Լիդիան Արմենիա» ընկերության ներկայացուցիչները:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ