«Իմ քայլի» պատգամավոր Էդգար Առաքելյանին, ըստ ցուցակի, պետք է փոխարինի Երևանի ավագանու անդամ Արթուր Մանուկյանը


11:52 , 30 օգոստոս, 2019

ՀՀ Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության անդամ Էդգար Առաքելյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում էր կատարել, ըստ որի՝ հրաժարվում է պատգամավորական մանդատից:

Ցուցակում նրան հաջորդում է Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Արթուր Մանուկյանը:

«Ես միայն իր հայտարարությունն եմ կարդացել: Այլ բան չեմ կարող ավելացնել կամ պակասեցնել: Իհարկե, դեռ չեմ փոխարինում: Ընթացակարգ կա, ըստ որի նա կարող է դեռ հրաժարվել իր հայտարարությունից, և հետո պետք է ԱԺ-ի նախագահի հետ վերջնական որոշման գա»,- Tert.am-ի հետ զրույցում ասաց Արթուր Մանուկյանը:

Հիշեցնենք, որ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Էդգար Առաքելյանը հայտնել է պատգամավորական մանդատը վայր դնելու մասին: Ֆեյսբուքյան գրառման մեջ նա նշել է, որ պատճառը ոչ թե քաղաքական է, այլ՝ անձնական: