Տոկիոն գլխավորել է աշխարհի առավել անվտանգ քաղաքների թոփ-40-ը


17:15 , 29 օգոստոս, 2019

The Economist Intelligence Unit-ի և The Economist ամսագրի կողմից կազմված աշխարհի անվտանգ քաղաքների ամենամյա թարմացվող վարկանիշը գլխավորել է ճապոնական Տոկիոն, իսկ առաջատարների շարքում հիմնականում Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի քաղաքներ են, ինչպիսիք են Սինգապուրը, Օսական, Սիդնեյը, Սեուլը:

Ներկայումս աշխարհի բոլոր մարդկանց կեսից ավելին (56%) ապրում են քաղաքներում, իսկ մինչև 2050 թ.-ը՝ ուրբանիզացիայի բարձր մակարդակի պատճառով, այդ ցուցանիշը կավելանա մինչև 68%, նշում են ուսումնասիրության հեղինակները: Ընդհանուր առմամբ, վարկանիշում ներառվել են աշխարհի 60 խոշոր քաղաքներ՝ հաշվի առնելով 57 տարբեր ցուցանիշներ. թվային անվտանգություն, առողջապահության անվտանգություն, ենթակառուցվածքներ, ինչպես նաև անձնական անվտանգություն:

Վարկանիշային աղյուսակի առաջին տասնյակում են նաև Սինգապուրը, Օսական (Ճապոնիա), Ամստերդամը (Նիդեռլանդներ), Սիդնեյը (Ավստրալիա), Տորոնտոն (Կանադա), Վաշինգտոնը (ԱՄՆ), Կոպենհագենը (Դանիա), Սեուլը (Հարավային Կորեա), Մելբուրնը (Ավստրալիա):

Եթե Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի քաղաքները լավագույն ցուցանիշներ ունեն այնպիսի կատեգորիաներում, ինչպիսիք են առողջապահությունը, ենթակառուցվածքները և անձնական անվտանգությունը, ապա հյուսիսամերիկյան մեգապոլիսները լավագույնն են թվային անվտանգության հարցում: Առաջին տասնյակում են Չիկագոն, Վաշինգտոնը, Լոս Անջելեսը, Սան Ֆրանցիսկոն, Դալլասը, Նյու Յորքը և Տորոնտոն: