Չինաստանը մինչև տարեվերջ 50 հազար բազային կայան կկառուցի 5G ցանցերի համար


00:15 , 29 օգոստոս, 2019

Չինաստանը պլանավորում Է մինչև տարեվերջ 5G ցանցերի համար 50 հազարից ավելի բազային կայաններ կառուցել երկրի 50 խոշորագույն քաղաքներում: Այդ մասին հայտարարել Է ՉԺՀ-ի արդյունաբերության և ինֆորմատիզացիայի նախարարության տեղեկատվության և հաղորդակցությունների դեպարտամենտի ղեկավար Հան Սյան:

«Նախնական պլանի համաձայն, այս տարի մենք մտադիր ենք 5G ցանցերի համար 50 հազարից ավելի բազային կայաններ կառուցել մեր երկրի 50 խոշորագույն քաղաքներում»,- հայտարարել է Հան Սյան՝ ելույթ ունենալով 5G տեխնոլոգիաների զարգացմանը նվիրված համաժողովում, որը կազմակերպվել է Smart China Expo-2019 միջազգային ցուցահանդեսի շրջանակներում:

Նրա խոսքերով, հուլիսի վերջի դրությամբ գերատեսչությունը սարքավորումների արտադրության արդեն յոթ թույլտվություն է տվել 5G ցանցերի ծավալման համար:

«Հաջորդ փուլում Չինաստանը մտադիր է արագացնել 5G ցանցերի ստեղծումը, ամբողջ երկրում ակտիվորեն առաջ տանել հինգերորդ սերնդի ցանցերի ծավալումը, որոնք բնութագրվում են առաջավոր տեխնոլոգիաներով, բարձր որակով և արդյունավետությամբ»,- ասել է նա, հաղորդել է «ՌԻԱ Նովոստին»: