Իսպանիայում 16 երեխաների մոտ «մարդագայլի համախտանիշ» է առաջացել անորակ դեղամիջոց ընդունելուց հետո


00:15 , 28 օգոստոս, 2019

Իսպանական Կոստա-դել-Սոլ մարզում առնվազն 16 փոքրահասակ երեխաների մոտ հիպերտրիխոզ կամ, այսպես կոչված, «մարդագայլի համախտանիշ» է զարգացե. հիվանդություն, որն արտահայտվում է մաշկի տվյալ հատվածին ոչ բնորոշ մազերի առատ ծածկույթի առաջացմամբ: Պատճառը, ըստ Daily Mail-ի, եղել է անորակ դեղորայքի օգտագործումը, որը երեխաներին նշանակվել է մարսողության խախտման և թթվային ռեֆլյուքսի դեպքում: Ինչպես պարզվել է, օմեպրազոլ դեղամիջոցը, որն արգելակում է ստամոքսաթթվի սեկրեցիան, անհայտ պատճառներով պարունակել է մինոքսիդիլային հավելանյութ, որն օգտագործվում է ճաղատության բուժման համար:

Farma-Química Sur SL դեղագործական ընկերությունը, որը տեղակայված էր Մալագայում, զրկվել է արտոնագրից, իսկ դեղամիջոցը հանվել է վաճառքից: Այն հասանելի էր Անդալուսիայի 30 դեղատներում:

Իշխանությունները ծնողներին խորհուրդ են տվել դիմել բուժհաստատություններ, եթե իրենց երեխաներին աղտոտված դեղամիջոց են տվել: