Եգիպտացի հեռուստահաղորդավարուհի Ռիհամ Սաիդը հրաժարվել է աշխատել լրագրության ոլորտում այն բանից հետո, երբ գեր մարդկանց մասին նրա արտահայտությունները քննադատության ալիք են առաջացրել, գրում է Gulf News-ը:
Հանդիսատեսին զայրացրել է տեղական Al Hayat մասնավոր հեռուստաալիքի «Sabaya» (Երիտասարդ սղջիկներ) հաղորդման եթերում հնչած Սաիդի խոսքերը: «Գեր մարդիկ նման են դիակների: Նրանք ծանրաբեռնում են իրենց ընտանիքին ու պետությանը»,- ասել է Սաիդը:
Նա հավելել է, որ աբայա կրող աղջիկները (արաբական ավանդական կանացի հագուստ), որոնք դժվարանում են քայլել գիրության պատճառով, տգեղ տեսք ունեն: «Այդպես դուք կորցնում եք ձեր կանացիությունը»,- եզրափակել է հաղորդավարուհին:
Միջադեպով զբաղվել է Եգիպտոսի մեդիակարգավորիչը, ուր բողոք է ներկայացրել Կանանց ազգային խորհուրդը: Գերատեսչության ներկայացուցիչները հայտարարել են, որ զրույց կունենան Սաիդի հետ: Բացի այդ, հեռուստահաղորդավարուհու գործը կքննարկվի դատարանում: Դատական առաջին նիստը նշանակված է հոկտեմբերի 14-ին:
Al Hayat հեռուստաալիքը դադարեցրել է լրագրողի աշխատանքը մինչև դատավարության ավարտը: Սաիդը հրապարակավ ներողություն է խնդրել բոլորից, ում վիրավորել է, և ասել, որ չի ցանկացել որևէ մեկին վիրավորել: «Իմ դեմ մի ամբողջ արշավ է սկսվել: Հետևաբար ես հեռանում եմ ոլորտից: Ժամանակն է հանգստանալ և խնամել երեխաներին»,- ամփոփել է նա: