Մարմնավաճառները ևս դիմում են կրծքի սիլիկոնե իմպլանտ տեղադրելու համար


01:57 , 29 հունիս, 2013

Հայաստանում սիլիկոնե իմպլանտ տեղադրելու համար դիմում են և՛ մարմնավաճառները, և՛ կրծքի ձևի խաթարումներ ունեցող կանայք, հատկապես նրանք, ում արտաքինը զգալի տեղ է գրավում կարիերայում: Դիմում են ֆինանսապես ապահով կանայք, նաև նրանք, ովքեր խիստ հետևողական են իրենց արտաքինի նկատմամբ: 
Aysor.am-ին այս մասին պատմեց Հայ-ամերիկյան առողջության կենտրոնի ռադիոլոգիայի բաժնի բժիշկ-ռադիոլոգ Հովհաննես Վարդևանյանն և հավելեց, որ վերջին տարիներին կրծքի սիլիկոնե իմպլանտի տեղադրումը որոշակի տարածում է ստացել:

Շատ հաճախ կանանց դուր չի գալիս իրենց կրծքի ձևը կամ չափը, ահա այդ դեպքերում էլ դիմում են մասնագետի:

Ըստ Հ. Վարդևանյանի՝ շատ հաճախ իմպլանտի տեղադրումը կապված է կրծքագեղձի ամբողջական հեռացման հետ. Եվրոպական երկրներում գերթե անմիջապես տեղադրում են իմպլանտ, իսկ Հայաստանում` ոչ. Սպասում են, որ հետագա բարդություներ չլինեն, զգուշավոր են:

Լինում են դեպքեր, երբ կանանց մի կուրծքը լիարժեք զարգացած չի լինում և անհրաժեշտություն է առաջանում իմպլանտի տեղադրման: Մինչև վիրահատությունը, կանայք ենթարկվում են մամոգրաֆիական ստուգման, քանի որ կրծքագեղձում աննշան խնդրի դեպքում` վիրահատություն չի կարելի անել. Կարող է քաղցկեղի նախնական փուլ լինել և այլն:

Ըստ ռադիոլոգի՝ սիլիկոնե կրծքի անցանկալի հետևանքներից է պատռվածքը, ձևախեղումը, իմպլանտի վնասվածքը և այլն. միջինում իմպլանտն ունի 5 տարվա երաշխիք, սակայն կախված է նաև որակից: Իմպլանտ տեղադրելուց հետո կինը գտնվում է բժշկի հսկողության տակ: Հայ մասնագետներին դիմում են նաև օտարերկրացիներ:

Հարկ` կրծքերի համար
Նշենք, որ 2012 թ-ին Մեծ Բրիտանիայում ընդունված նոր օրենքի համաձայն` սիլիկոնե կրծքեր ունեցող կանայք ստիպված կլինեն հարկեր վճարել: Այս կերպ երկրի Առողջապահության նախարարությունը ցանկանում է նվազեցնել այն կանանց թիվը, ովքեր վտանգելով առողջությունը, դիմում են նման քայլի: 2010-2011 թթ Մեծ Բրիտանիայում սիլիկոնի օգնությամբ կրծքերը մեծացրած կանանց թիվը մոտ երկու անգամ աճել է:

Կրծքի մեծացումը սրսկումների միջոցով սկսել են անել դեևս 1889 թվականից, իսկ մեծացումը ինպլանտներ տեղավորելու միջոցով սկսել է 1895 թվականից: 20-րդ դարի սկզբին իմպլանտի փոխարեն տեղադրում էին ինչ պատահի՝ սկսած պոլիէթելինեից և կաուչուկից, մինչև մարդու մարմնի տարբեր մասերից հատվածներ, ճարպային գնդեր:

1940 թվականներին ճապոնացիների մարմնավաճառուհիները սկսեցին մեծացնել իրենց կուրծքը տարբեր միջոցներով, այդ թվում՝ նաև սիլիկոնով, ինչը նրանք ուղղակի ներարկում էին կրծքի մեջ:  1961 թ.-ին պլաստիկ վիրաբույժներ Թոմաս Կրոնինը և Ֆրանկ Ջերոուն առաջին անգամ ստեղծեցին սիլիկոնե իմպլանտները: 1980 ականների սկզբին հայտնվեցին առաջին տեղեկությունները, որ սիլիկոնե իմպլանտները կարող են առաջացնեկ կրծքի քաղցկեղ:

Թեև պլաստիկ վիրաբույժներն իրենց հարցազրույցներում հաճախ են հիշատակում, որ սիլիկոնե իմպալանտներն անվտանգ են առողջության համար, սակայն նման միջամտություններից հետո մեծ է կրծքում կաթ չունենալու հավանականությունը: 

Արդյոք սիլիկոնը քաղցկեղ առաջացնո՞ւմ  է. հարցին պլաստիկ վիրաբույժ Արտավազդ Սահակյանը պատասխանեց. «Դա բացահայտ սուտ է, սիլիկոնե իմպլանտները քաղցկեղ չեն առաջացնում»:
Վերջերս բացահայտվել էր, որ 40.000 բրիտանուհիների կրծքի վիրահատության համար օգտագործվել է Poly Implant Protheses ընկերության անորակ արտադրանքը և նրանց մոտ էական բարդություններ են առաջացել։ Պարզվել էր, որ իմպլանտի ներսում ոչ թե բժշկական սիլիկոն է, այլ այնպիսի սիլիկոն, որն օգտագործվում է կենցաղում։
Սիլիկոնե իմպլանտներն արժեն 1000-1400 եվրո, որին գումարվում է 255 հազար վիրահատության արժեքը: