01:14 , 29 հունիս, 2013
Սիրիայի ընդդիմադիր և հեղափոխական ուժերի ազգային կոալիցիան առաջին անգամ հայտարարել է, որ ցանկանում է հետաքննել ապստամբների վերահսկողության տակ գտնվող տարածքում գրոհայինների իրականացրած մահապատիժը: Ենթադրվում է, որ խոսքը գնում է երկու սիրիացի քրիստոնյաների մահապատժի մասին, որոնցից մեկը քահանա էր: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստին»:
«Ստուգումներ են անցկացվելու այդ տեսագրության ժամանակի և տեղի հավաստիությունը ճշտելու համար: Եթե այդ տեսագրությունը կեղծ է, ապա Սիրիայի ընդդիմությունը մտադիր է պատժել տեսանյութի հեղինակին, իսկ եթե մահապատժի փաստը հաստատվի, ապա Ազգային կոալիցիան Սիրիայի ազատ բանակի հետ միասին պարտավորվում է ձերբակալել մեղավորներին և դատել նրանց»,- ասվում է Ազգային կոալիցիայի հայտարարության մեջ:
Նշենք, որ տեսանյութում զինյալները, ովքեր հավանաբար պատկանում են «Ջաբհաթ Ալ-Նուսրա» ահաբեկչական խմբավորմանը, կտրում են գերիների գլուխները:
Զինյալների տեսքից և խոսքից կարելի է ենթադրել, որ խմբավորման մեջ կան արաբական և ոչ արաբական տարբեր երկրների քաղաքացիներ, ինչպես նաև՝ ռուսախոս գրոհայիններ:
Միջազգային իրավապաշտպան կազմակերպությունները Սիրիայի ընդդիմությանը բազմիցս կոչ են արել դատապարտել բազմաթիվ հաշվեհարդարները, որոնք իրականացվում են Սիրիայի կառավարական ուժերի վերահսկողության տակ չգտնվող տարածքներում: