8-ամյա Գեղամը երազում է ոստիկան դառնալու և նոր կոշիկներ ունենալու մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ


23:58 , 28 հունիս, 2013

Արմավիրի մարզի Բամբակաշատ գյուղի տնակում արդեն յոթը տարի է՝ Արմենն ապրում է իր երեք անչափահաս երեխաների և կնոջ հետ: Ընտանիքն ապրում է սոցիալական ծանր պայմաններում, հող են մշակում, սակայն այս տարի էլ կարկուտը վնասեց ինչ կար-չկար: 
«Այստեղ-այնտեղ ենք աշխատում, «Փարոս» ենք ստանում, «Փարոսի» փողով մի կերպ յոլա ենք գնում, խանութից պարտք ենք անում մինչև նպաստ ստանալը, պարտքը մարում, հետո դափ-դատարկ նստում»,- ասաց Արմենը՝ հավելելով, որ ընտանիքի ամսական եկամուտը կազմում է 34 հազար դրամ: 
Փոքր Գեղամը երազում է մեծ տան մասին, երազում է, որ հայրը գնա աշխատանքի, փող աշխատի, բերի իրենց պահի: «Ամենաշատը ուզում եմ նոր շոր ու կոշիկ»,- ասաց Գեղամը՝ խոստովանելով, որ խանութից գնումներ անել շատ է սիրում, և երբ մի փոքր գումար են տալիս ծնողները՝ հյութ կամ քաղցր բան գնելու համար, անմիջապես գործի է անցնում:
Գեղամը երազում է ոստիկան դառնալու մասին, ուզում է հանցագործներին բերման ենթարկել, օրենքի իշխանություն է ուզում: Թեև այս տարի մեծ առաջադիմությամբ չի ավարտել դպրոցը և միայն ֆիզկուլտուրայից է մեծ առաջադիմություն գրանցել, բայց կրթության մասին մտածում է, որոշել է հետո լավ սովորել: 
Քույրը՝ Անահիտը, վարսավիր է ուզում դառնալ: Թե՛ քույրը, թե՛ եղբայրը համակարգիչ են ուզում ունենալ, ուզում են հաղորդակից լինել ժամանակակից տեխնոլոգիաներին: 
Երեխաները ծնողներին օգնում են նաև հողագործության մեջ, ծիրան են հավաքում, տան գործ անում։ «Կուզեի քաղաքում ապրել, քաղաքում գնայի դպրոց, ուսում ստանայի»,- ասաց Անահիտը:
Թեև գյուղը սիրում են, բայց ապագա չեն տեսնում, հիմա երազում են մեծ տան մասին, որ լավ ապրեն: Տանը կոմունալ պայմաններ՝ զուգարան և բաղնիք էլ չկա, և միայն պայծառ երազներ կան՝ լավ կյանքի և մեծ տան մասին...