20:00 , 26 օգոստոս, 2019Իրանում, որտեղ կանանց արգելված է ներկա գտնվել ֆուտբոլային խաղերին, թույլ են տվել մարզադաշտում դիտել աշխարհի առաջնության ընտրական մրցաշարի խաղը: Այդ մասին հայտնում է «Ազատություն» ռադիոկայանը:
Ինչպես հայտարարել է սպորտի փոխնախարար Ջամշիդ Թաղիզադեն, կանայք կկարողանան այցելել Թեհրանի «Ազադի» մարզադաշտ և դիտել Իրանի և Կամբոջայի հավաքականների որակավորման փուլի խաղը, հոկտեմբերի 10-ին:
Իրանի իշխանությունները հայտարարել են, որ մարզադաշտեր այցելելու արգելքը կանանց խնայում է տղամարդ-մարզասերների կողմից այնտեղ հնչող հայհոյանքներից: Արգելքը, որը գործում է արդեն մի քանի տասնամյակ, միայն երբեմն է հանվել կին-հանդիսատեսի որոշակի խմբերի համար:
Նշվում է, որ վերջերս մեկ այլ իսլամական երկրում սկսել են փոխել կանանց վերաբերող կանոնները: Սաուդյան Արաբիայում կտրուկ զիջումները հանրային ոլորտում սկսվել է 2015-ին Սալման բեն Աբդել Ազիզ Ալ Սաուդի իշխանության գալուց և նրա կողմից իր 31-ամյա որդուն՝ Մուհամեդ բեն Սալմանին 2017-ին գահի ժառանգորդ նշանակելուց հետո:
Անցյալ տարի սաուդացի կանայք ինքնուրույն մեքենա վարելու իրավունք են ստացել: