Հյուրերն արդեն եկել են. գյումրեցիները միմյանց շնորհավորում ու շնորհավորանք են ստանում


14:45 , 25 օգոստոս, 2019

Armeniasputnik.am-ը գրում է․

Օգոստոսի 24-ին արդեն Գյումրիում էին առաջին հյուրերը՝ քույր քաղաքներից՝ չինական Սիանից և ռուսական Նովոչերկասկից:

ԵՐԵՎԱՆ, 25 օգոստոսի — Sputnik, Արմենուհի Մխոյան. Գյումրին այսօր հերթական անգամ նշում է «Գյումրու օրը»: Կազմակերպիչները գյումրեցիներին ու քաղաքի հյուրերին, խոստանում են գյումրվա համ ու հոտով միջոցառումներ։

Վարպետների քաղաք»  խորագիրը կրող միջոցառման շրջանակներում  ժամը 11:00-ից սկսած բացօթյա  տարաբնույթ  միջոցառումներ կանցկացվեն քաղաքի տարբեր հատվածներում՝ տոնական համերգներ, ցուցադրություններ, տիկնիկային ներկայացում և այլն: Տոնական օրվա առավոտը սկսվել է հյուրերի դիմավորմամբ՝ երգ ու պարով: Այնուհետ երգչուհի Նունե Եսայանը երաժշտական գործիքներ կնվիրի Գյումրու թիվ 1 երաժշտական դպրոցին:

Ամենակարևոր միջոցառումներից մեկը հիմնանորոգված «Շիրազի» փողոցի վերաբացումն է:  Նորաբաց Շիրազի  փողոցում գյումրեցի վարպետները կներկայանան իրենց արհեստներով ու արվեստով: Այսօր յուրովի կներկայանան նաև քաղաքի թանգարանները, իսկ ժամը 17։00-23:00 տեղի կունենա տոնական համերգ: «Քաղաքի օր» միջոցառմանը ներկա է լինելու  նաև ՀՀ վարչապետը:

Լինելու են հյուրեր ոչ միայն հանրապետության տարբեր համայնքներից, այլ նաև  տարբեր երկրներից: Ի դեպ,  օգոստոսի 24-ին արդեն Գյումրիում էին առաջին հյուրերը քույր քաղաքներից՝ չինական Սիանից և ռուսական Նովոչերկասկից:

Միջոցառումների հետ կապված  օգոստոսի 25-ի վաղ առավոտից փակ են Գյումրու կենտրոնական մի քանի փողոցներ։ Քաղաքային տրանսպորտը կաշխատի մինչև ուշ գիշեր, իսկ մայրաքաղաքից հյուրերի այցը ապահովվելու համար միայն օգոստոսի 25-ին Երևան-Գյումրի-Երևան արագընթաց գնացքների չվացուցակում իրականացվել են փոփոխություններ ՝ միանգամից  2 գնացք է լինելու՝  9:00 և 9:40, իսկ վերադարձը Երևան 23:15 և 23:45-ին: