20:37 , 28 հունիս, 2013
Երևան քաղաքի Պուշկին փողոցի թիվ 14 հասցեում գործարար Սամվել Մայրապետյանին պատկանող «Լոկալ Դիվելոփըրս» ՍՊԸ-ի կողմից կառուցվող հյուրանոցային համալիրի շինարարությունը շարունակվում է՝ անտեսելով հարակից շենքերի բնակիչները բողոքները և այն, որ գործը գտնվում է դատարանում: Նշենք, որ այդ շինարարության արդյունքում քանդվելու է ԱՕԿՍ-ը և դրան հարակից ևս մեկ պատմամշակութային հուշարձան:
«Մեր քաղաքը» նախաձեռնության ակտիվիստ Վարդան Գերավետյանը ԳԱԼԱ-ի հետ զրույցում նշել է, որ այս գործը արդեն դատարանում է կես տարուց ավելի և ոչ մի արդյունք դեռևս չկա:
«Աբովյան 3 շենքի բնակիչները դիմել են արտակարգ իրավիճակների նախարարություն, քաղաքաշինության նախարարություն և ստացել են պատասխաններ, որ շինարարությունը կոպիտ խախտումներով է ընթանում և շինարարական նորմերը խախտված են: Այսինքն՝ մինիմալ հեռավորությունը պետք է լիներ հինգից տասնհինգ մետր՝ կախված կառուցվող շենքի հարկայնությունից: Քանի որ իննը հարկանի շենք պետք է լինի, մոտ տասնհինգ մետր պետք է պահպանվեր՝ հաշվի առնելով, որ Երևանը սեյսմիկ գոտի է համարվում, երրորդ գոտի: Նաև ճարտարապետների միության նախագահ Մկրտիչ Մինասյանն է տվել իր եզրակացությունը, որ խախտումներ գոյություն ունեն»,- տեղեկացրել է Վարդան Գերավետյանը:
Վերջինս տեղեկացրել է, որ բնակիչները նաև նամակով դիմել են Սերժ Սարգսյանին, և նրա հանձնարարականով ստեղծվել է գերատեսչական հանձնաժողով , որը պետք է այդ հարցերը քննարկեր, որոշում կայացներ, սակայն դրանով ևս ոչ մի վերջնական լուծում չեն ստացել:
Նշենք, որ երբ գործը դատարանում գտնվում էր նախնական փուլում, դատարանի որոշմամբ 20 օրով կասեցվել էր շինարարությունը, սակայն Գերավետյանի խոսքով՝ հետագայում նորից ապօրինությունը շարունակվում է:
«Վերջին դատական լսումը եղավ տասը օր առաջ, նորից հետաձգվեց, իսկ պատճառն այն է, որ դատարանում ուզում են լսել քաղաքաշինության, արտակարգ իրավիճակների ու մշակույթի նախարարությունների ներկայացուցիչներին, որոնք չեն գալիս: Իսկ «Լոկալ Դիվելոփերսի» փաստաբանն էլ վերջին դատից հետո հայտարարել է, թե ովքե՞ր են այդ մարդիկ, էդ ի՞նչ մշակույթի կոթող է, այդտեղ անձնական հարցեր են լուծվում, ԱՕԿՍ-ը թող ինքը բողոքի: Բայց ինքը մոռանում է, որ հայցվորները այն մարդիկ են, ովքեր ամեն անգամ գալիս են դատարան, ու ինքը տեսնում է: Նա չի էլ հասկացել, որ երկրորդ շենքը, որին հարում է այդ շինությունը, ևս հանդիսանում է մշակույթի կոթող և չի զիջում ԱՕԿՍ-ի շենքին, որոնք միաժամանակ կառուցված շենքեր են»,- ասել է Գերավետյանը:
Նրա խոսքով՝ դատավարությունը անընդհատ ձգձգվում է, ապօրինի շինարարությունը շարունակվում է, իսկ վերոնշյալ հանձնաժողովի ներկայացուցիչները փորձում են բնակիչներին համոզել, ու ինչ-որ բաներ կամրացնեն և այլ խոստումներ են տալիս, բայց այդ ամենից, միևնույն է, շենքերի հեռավորությունը չի մոտենում:
Կառուցվող հյուրանոցային համալիրի պատճառով փակվել է մարդկանց պատուհանների լույսը, բացի դա, ապահովված չեն նաև շենքերի հակահրդեհային պայմանները, քանի որ երկու շինությունների միջև հեռավորությունը նույնիսկ մեկ մետր էլ չէ:
«Բացի այդ, այնպես են արել, որ կառուցվող շենքի մի մասն էլ գալիս է և բարձրանում շենքի տանիքի վրա, էդ հատվածում երկինքն էլ է փակվել: Բոլոր նմանատիպ գործերը դատարանը միշտ ձգձգել է: Հիշեցնեմ, որ Պուշկին 38 շենքի բակում էլի նույն ձևով կառուցում էին, էլի նույն ոչ բարով Մայրապետյանն էր կառուցապատողը: Էլի դիմեցինք դատարան, էլի ձգձգվեց: Այն ժամանակ քաղաքապետը Կարեն Կարապետյանն էր, և նա էր թույլտվությունը ստորագրել: Բերեցինք ցույց տվեցինք՝ ինչի տակ է ստորագրել, ինքը բավականին նեղվեց: Փորձում էինք ինչ-որ կոմպրոմիսային տարբերակ գտնել, էն էլ փոխվեց, իսկ ներկայիս ոչ գործունյա, ծառ ու ծաղիկ տնկող քաղաքապետը եկավ, ու ինքը էդ խնդիրը Մայրապետյանի հետ լուծողը չէ»,- հավելել է Վարդան Գերավետյանը:
http://galatv.am/upload/123456711/2404/2469.jpg



