Պոչամբարից արտահոսք չի եղել. Արմեն Փարսադանյան


20:06 , 28 հունիս, 2013

Այսօր՝ ժամը 15:00-ի սահմաններում, բնապահպանական ՀԿ-ներ, «Լեռ-էքս» ՍՊԸ աշխատակիցներ, Սյունիքի մարզի բնապահպանական տեսչության ներկայացուցիչներ և լրագրողներ Համահայկական Բնապահպանական Ճակատի կողմից տարածած ահազանգի հետքերով այցելել են «Լեռ – էքս» ՍՊԸ-ի կողմից շահագործվող հանքի տարածք:

Ինչպես econews-ին հայտնեց Կապանում գործող «Կայուն զարգացում» ՀԿ նախագահ Արմեն Փարսադանյանը, պոչամբարից պոչերի արտահոսք տեղի չի ունեցել: «Այսօրվա դրությամբ պոչամբարի պատվարից արտահոսքի հետք չկա:  Աղբյուրներից հավաքված  ջրերի խողովակն է պատռվել, քանի որ այն ոչ թե մետաղյա է, այլ  պլաստմասե, սակայն  այն չի  խառնվել  պոչերի հետ»,-ասաց Ա. Փարսադանյանը: 

econews-ի հարցին՝ հնարավո՞ր է արդյոք, որ այս ընթացքում հանքարդյունաբերող ընկերության ներկայացուցիչները պարզապես վերացրած լինեն հետքերը, Արմեն Փարսադանյանը չբացառեց այդ փաստը. «Հնարավոր է՝ ընկերությունն արդեն վերացրած լիներ հետքերը, սակայն այսօրվա այցելության ընթացքում, նորից եմ կրկնում, չենք նկատել պոչամբարի արտահոսքի հետք:»,- ասաց նա: :

Ի դեպ, խնդրի առնչությամբ econews-ը կապ հաստատեց նաև ՀՀ բնապահպանության նախարարության մամուլի խոսնակ Հայկ Հակոբյանի հետ: Վերջինս econews-ին փոխանցեց, որ Սյունիքի մարզի աշխատակիցներին հանձնարարել են ուսումնասիրել տարածքը և իրենց ուսումնասիրության արդյունքների մասին կհայտնեն ավելի ուշ: