Քնային հիվանդություն. XX դարի ամենահանելուկային համաճարակը, որը մինչ օրս սարսափեցնում է


21:00 , 24 օգոստոս, 2019

Արդյոք ունեցե՞լ եք այնպիսի մղձավանջներ, որոնց ընթացքում ցանկանում եք արթնանալ, սակայն չի ստացվում: Շուրջ 100 տարի առաջ միլիոնավոր մարդկանց համար նման մղձավանջը իրականություն էր. աշխարհում տարածում էր գտել լեթարգիական էնցեֆալիտը կամ քնային հիվանդությունը: Մարդիկ հանկարծակի քնում էին՝ գդալը բերանին մոտեցնելիս կամ բակում գիրք ընթերցելիս: Նրանք կարծես «փակվում էին»իրենց մարմիններում՝ սարսափելի արձանների նման: Գիտնականները մինչ օրս չեն կարողանում հասկանալ, թե որն է եղել քնային հիվանդության համաճարակի պատճառը, որը խլել է 5 միլիոն մարդու կյանք, և որի բուժումն այդպես էլ չի գտնվել:

Լեթարգիական էնցեֆալիտն ի հայտ է եկել 1915 թ. ֆրանսիական Վերդենում: Հիվանդությունը նկարագրել է ավստրիացի հոգեբան և նյարդաբան Կոնստանտին ֆոն Էկոնոմոն: 1916 թ. Ավստրիայում այն արդեն համաճարակի էր վերածվել, որը հասել էր նաև Արևմտյան Եվրոպա և ԱՄՆ, ապա աշխարհի այլ անկյուններ:

Համաճարակը գործեց 10 տարի, այնուհետև անհետացավ նույնքան կտրուկ ու անսպասելի, որքան որ հայտնվել էր: Սակայն հիվանդությունը չանհետացավ. դեռ երկար ժամանակ տարբեր երկրներում առանձին դեպքեր գրանցվեցին:

Քնային հիվանդության համաճարակը համընկավ Առաջին աշխարհամարտի հետ: Հիվանդության առաջին զոհերը դարձան զինվորները: Ի սկզբանե բոլորը դրա պատճառը համարում էին մանանեխի գազի թունավոր ազդեցությունը, որը Գերմանիան օգտագործում էր անգլո-ֆրանսիական զորքերի դեմ: Երբ հիվանդանալ սկսեցին ոչ միայն զինվորները, բժիշկները խուճապի մատնվեցին: Պարզ դարձավ, որ մարդկությունը բախվել է վիրուսանման ինչ-որ երևույթի, սակայն ոչ ոք չգիտեր՝ դրա դեմ ինչպես պայքարել:

Հիվանդությունը տարբեր կերպ էր դրսևորվում. այն սովորաբար սկսվում էր սովորական գրիպի նման՝ թուլությունից և գլխացավից: Ամենաշատը հիվանդանում էին 15-35 տարեկան մարդիկ: Քնելուց հետո  արթնանալ և ապաքինվել հաջողվում էր մեկ երրորդից պակաս մարդ, ևս մեկ երրորդը՝ շուրջ 5 միլիոն, մահացել է:

Մյուսներն այդպես էլ անշարժացած մնում էին և միայն հատուկ խնամքի դեպքում էին կարողանում ապրել: «Արթնացող» հիվանդները, որոնք կարողանում էին ապաքինվել, տառապում էին կլազոմանիայով, որն ուղեկցվում է ճիչերի, հաչոցի, բարձր երգեցողության հանկարծակի նոպաներով:

Նրանք պատմում էին, որ քնած վիճակը նման էր ինչ-որ ուժի ազդեցության, որը թույլ չէր տալիս իրենց շարժել որևէ մկան: Դժվար է պատկերացնելը՝ ինչպես է հնարավոր գերի լինել սեփական մարմնում: Միաժամանակ հիվանդները ֆիզիկական որևէ խանգարումներ չէին ունենում:

Ծանր հիվանդացածները սուր վիճակում մահանում էին՝ ուժ չունենալով արթնանալու: Սակայն լեթարգիական էնցեֆալիտը հակառակ կողմը ևս ուներ: Որոշ հիվանդներ, ընդհակառակը, ոչ մի կերպ չէին կարողանում քնել: Երկու շաբաթ անց անքնությունը, որը մարդանց խելագարության էր հասցնում, անխուսափելիորեն հանգեցնում էր մահվան:

Ենթադրաբար լեթարգիական էնցեֆալիտով տառապել է նաև Ադոլֆ Հիտլերը: Հայտնի է, որ նա Պարկինսոնի հիվանդությանը նմանվող ցնցումներ է ունեցել: Որոշ հետազոտողներ կարծում են, որ ձեռքերի դողն այս հիվանդության փոքրագույն ախտանշանն է եղել, իսկ ուղեղի գործունեության խանգարումներն արդեն ազդել են հետագայում Հիտլերի կայացրած որոշումների վրա:

Գիտնականները միայն ենթադրում էին, որ լեթարգիական էնցեֆալիտը վիրուս է: Այն փոխանցվում է օդակաթիլային եղանակով: Սուր վիճակում գտնվող հիվանդին մեկուսացնում էին, դեղեր տալիս, որոնք օգտագործում են նաև Պարկինսոնի հիվանդության դեպքում:

Քնային հիվանդության վերջին դեպքը, իբր, գրանցվել է Ղազախստանում 2014 թ., սակայն չի հաստատվել: Կալաչի գյուղում 500-ից 130 բնակիչը սկսել են օրերով և անգամ շաբաթներով հանկարծակի քնել: Սակայն հետագայում նրանք արթնանում էին՝ կարծես ոչ մի բան չէր եղել: Պարզվում է՝ ԽՍՀՄ տարիներին աշխատող ուրանային հանքերը, որոնք գտնվում էին գյուղից մի քանի կմ հեռավորության վրա, գազ են արձակել, որն էլ բնակիչներին քնի է մատնել: