Ֆրանսիայում վիրաբույժին մեղադրել են անզգայացման վիճակում գտնվող 200 երեխայի բռնաբարելու մեջ


20:45 , 23 օգոստոս, 2019

Ֆրանսիայի հարավ-արևմուտքում գտնվող Շարանտա դեպարտամենտի Ժոնզակ կոմունայում աշխատող վիրաբույժ Ժոել Լե Սկուարնեկը կասկածվում է երեք տասնամյակների ընթացքում տասնյակ, եթե ոչ հարյուրավոր երեխաների բռնաբարության մեջ: Լրատվամիջոցների տեղեկությունների համաձայն, 66-ամյա բժիշկը 90-ականների սկզբից կարող էր բռնություն գործադրել 200 կամ նույնիսկ 250 անչափահաս տղաների և աղջիկների նկատմամբ:

The Times-ի տեղեկատվության համաձայն, Սկուարնեկը կասկածվում է բռնություն գործադրելու մեջ, ներառյալ այն դեպքերը, երբ երեխաները գտնվել են անզգայացման վիճակում: Դեռ 2005-ին նա դատվել է մանկական պոռնոգրաֆիա պահելու համար, բայց հետո նրան թույլատրել են շարունակել աշխատանքը: 2017-ին բժիշկը ձերբակալվել է 4 և 6 տարեկան երկու աղջիկների բռնաբարելու մեղադրանքով: Բժիշկը, իր փաստաբանի միջոցով, հայտարարել է, որ բռնություն չի գործել, սակայն չի հերքել տուժածների նկատմամբ որոշ ոչ ճիշտ գործողությունները:

Francetvinfo-ն հաղորդում է, որ վիրաբույժի դեմ գործը բացվել է այն բանից հետո, երբ վեցամյա աղջիկը ծնողներին հայտնել է իր հետ կատարվածը: Բժշկի տան խուզարկության ժամանակ հայտնաբերվել են նրա բազմաթիվ օրագրերը, որտեղ նա տարեցտարի նկարագրում է անչափահասների նկատմամբ բռնության մանրամասները: Օրագրերից քննիչները պարզել են, որ ենթադրյալ զոհերը ավելի քան 200-ն են:

Մեկնաբանելով օրագրի գրառումները, կասկածյալի փաստաբանը հայտարարել է, որ այդ գրառումները պարզապես իր հաճախորդի երևակայության արդյունքն է, չնայած որ դրանք ահավոր են: