Վերջին օրերին հայկական սոց ցանցերում քննարկվում է <<անգրագետ Պողոսի>> պետության համար կենսական հարցերում որոշում կայացնելու հնարավորություն տալու հարցը։
Կարևոր հարց է, ինչ խոսք։
Բայց շատ տարօրինակ է, որ այդ հարցը բարձրացնում է իշխանության էլիտայի ներկայացուցիչը, որը շատ հեռու է <<անխելք>> լինելուց։
Չէ՞ որ <<ժողովրդի սրտի>> վարչապետի ձևավորած խորհրդարանը շատ մեծ վերապահումով կարելի է ասոցացնել մտքի, գաղափարի, ինտելեկտի և, վերջապես, խելքի հետ։
Ցանկացած երկրում հասարակության մեծամասնությունը կրթական բարձր ցենզ և խորքային ընկալում չունի պետական քաղաքականության կենսական բաղադրիչների մասին, հեշտությամբ խաբվում է պոպուլիզմին, մանիպուլացվում է քաղաքական մանիպուլյատորների կողմից, եթե դրանց չեն հակադրվում գաղափարը, միտքը և ծրագրային ապահովումը, այսինք իրական քաղաքական օրակարգը։
Իրական քաղաքական օրակարգի ձախողումն ու բացակայությունը ստեղծում են <<ժողովրդի սրտի վարչապետի, նախարարի և պատգամավորների>> հասարակական պահանջ, որի լրացնող է դառնում անգրագետ Պողոսը, կամ մեր օրերի Գավրոշը։
Հեղափոխական Գավրոշը, կամ <<անգրագետ Պողոսը>> դառնում են օրակարգերի մշակող, որին հետևում են <<իզմերը>> մերժող Նիկոլը, և չգիտես ինչի համար խորհրդարանում հայտնված գրագետ, կրթված ու <<իզմերին>> հավատացող Բաբկենը։
<<Անգրագետ Պողոսին>> ինչ որ բան որոշել չթողնելու պատճառով գրագետ և կրթված Բաբկենը մերժում է հանրաքվեն, ասելով որ Պողոսը չի կարող որոշել Ամուլսարի հանքի ճակատագիրը, քանի որ չունի բավարար գիտելիքներ, կրթություն, համալիր պատկերացում խնդրի վերաբերյալ։
Միգուցե ճիշտ է ասում, կարող է իրոք չունի։
Բայց եթե անգրագետ Պողոսը իրավունք չունի մասնակցել Ամուլսարի հանքի որոշմանը, ապա առնվազն տարակուսանք է առաջացնում Պողոսի բայց բացարձակ իրավունքը ձևավորել <<ժողովրդի սրտի վարչապետ, կառավարություն և խորհրդարան>>։
Մի տեսակ անարդար չի՞ վարվում ամեն ինչ որոշող և վարչապետ Պողոսի հանդեպ ժողովրդի սրտի պատգամավորը։
Չէ որ երբ պետք էր իշխանություն վերցնել, Պողոսը որոշում էր ամեն ինչ ու վարչապետ էր, բայց երբ խանգարում է <<ժողովրդի սրտի վարչապետին և պատգամավորներին>>, արդեն անգրագետ է և պետք է հեռու մնա կարևոր որոշումների ընդունումից։
Այս ամենի արդյունքում հետևություններ պետք է անեն խաբված ու մոլորեցված Պողոսները, որոնք ձեռքի թեթև հպումով ամեն ինչ որոշող վարչապետից դարձան սովորական անգրագետներ։
Ինչպես ասում են, ալավերդին փոխանցեք Պողոսներին, сейчас ваш выход, товарищи: