Սերժ Սարգսյանի քավորությամբ շախմատիստ Գաբրիել Սարգսյանը ամուսնացավ


18:25 , 28 հունիս, 2013

esyes.am-ը անդրադարձել է հայկական շախմատի գրոսմայստեր Գաբրիել Սարգսյանի և ընտրյալի` ապագա տնտեսագետ Լիանա Ավոյանի սիրո պատմությանն ու նշանադրությանը:

 

Այսօր՝ հունիսի 28-ին, զույգը միմյանց տեր և հնազանդ լինելու խոստում տվեց Սուրբ Սարգիս եկեղեցում` ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի քավորությամբ:

Գաբրիել Սարգսյան և Լիանա զույգի հարսանիքին esyes.am-ը հետևեց եկեղեցու բակից, որտեղ հավաքվել էին զույգի բարեկամները, Գաբրիելի շախմատիստ հայտնի ընկերները:

 

Մինչ պսակադրության կարգի սկսվելը` զույգը նախ լուսանկարվեց, այնուհետև նրանց միացավ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ու առաջին տիկին տիկին Ռիտա Սարգսյանը, որոնց ուղեկցությամբ էլ զույգը մտավ եկեղեցի:

 

Հայ առաքելական եկեղեցու ավանդույթների համաձայն` նրանք Աստծո օրհնությունն ստացան, միմյանց տեր և հնազանդ լինելու խոստում տվեցին, փոխանակվեցին ամուսնական մատանիներով:

Հյուրերը զույգին շնորհավորելուց հետո հասցրեցին կանգնել եկեղեցու դռների մոտ` հարսի և փեսայի գլխին քաղցրավենիք ու վարդի թերթեր շաղ տալու համար: Այս ամենից հետո ՀՀ նախագահը հեռացավ` ռեստորանային համալիրում հանդիպելու մտադրությամբ, իսկ հարսն ու փեսան խաղաղության խորհրդանիշ աղավնիներ թռցրին երկինք, որից հետո միայն հարսանեկան սպիտակ մեքենայով ուղևորվեցին փեսայի տուն:

Զույգը հարսանեկան խնջույքը կշարունակի ռեստորանային համալիրներից մեկում, որտեղ սովորաբար անցկացվել են աստղային զույգերի, քաղաքական գործիչների երեխաների հարսանիքները:

Շախմատիստի և Լիանայի պսակադրությանը հետևելու և շնորհավորելու էին եկել Լևոն Արոնյանն ու սիրելին, Տիգրան Պետրոսյանը և Սերգեյ Մովսիսյանը: 

«Ես»-ը շնորհավորում է զույգին ու անսահման երջանկություն մաղթում: