Ցորենի ալյուրի մեջ վիտամին D-ի ավելացումը կօգնի նվազեցնելու հոգնածությունը. գիտնականներ


23:15 , 22 օգոստոս, 2019

Որոշակի մթերքների, ներառյալ ցորենի ալյուրի հարստացումը վիտամին D-ով կարող է նպաստել հոգնածության, մկանային ցավերի և նույնիսկ սրտի անբավարարության զարգացման ռիսկի նվազեցմանը: Այս եզրակացությանն է հանգել բրիտանացի բժիշկների խումբը կատարված հետազոտության հիման վրա, որի արդյունքների մասին հաղորդել է հեռուստառադիոհաղորդումների BBC-ն:

Գիտնականները հիշեցնում են, որ վիտամին D-ն արտադրվում է ուլտրամանուշակագույն ճառագայթների ներգործությամբ, դրանից է կախված այնպիսի տարրերի յուրացման գործընթացը, ինչպիսիք են ֆոսֆորը և կալցիումը, ինչպես նաև նյութափոխանակությունը:

Մասնագետները հայտնաբերել են, որ եղանակային պայմանների պատճառով Մեծ Բրիտանիայի յուրաքանչյուր հինգերորդ բնակիչը տառապում է այդ վիտամինի պակասությամբ: Դա առանձնապես ցայտուն է դրսևորվում ձմեռային շրջանում (հոկտեմբերից մինչև ապրիլ), երբ արևը հազվադեպ է ուրախացնում բրիտանացիներին: Այդ պատճառով փորձագետները խորհուրդ են տալիս վիտամին D ավելացնել մթերքների, այդ թվում ալյուրի մեջ, որը մտնում է թագավորության բնակիչների կողմից գործածվող շատ կերակրատեսակների բաղադրության մեջ: