ԱՀԿ-ն խմելու ջրի մեջ միկրոպլաստիկի առկայությունն առողջության համար վտանգավոր չի համարում


17:15 , 22 օգոստոս, 2019

Փորձագետները նախազգուշացնում են, որ եթե աղտոտումը շարունակվի, ապա հնարավոր չի լինի խուսափել դրա երկարատև ազդեցությունից ջրային էկոհամակարգերի վրա:

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունն (ԱՀԿ) այս փուլում խմելու ջրի մեջ միկրոպլաստիկի առկայությունը մարդու առողջության համար սպառնալիք չի համարում: Այս մասին ասված է կազմակերպության օգոստոսի 22-ին հրապարակված զեկույցում, հաղորդում է Deutsche Welle-ն:

ԱՀԿ աշխատակից Բրյուս Գորդոնը նշել է, որ մեծ ճեղք կա տոքսինների կանխատեսվող քանակի, որը մարդու օրգանիզմը կարող է կլանել առանց վնասվելու և այն ցուցանիշների միջև, որոնք կործանարար կհամարվեն:

«Մենք ամենևին անհանգստացած չենք»,- նշել է նա, խոսելով ներկայումս խմելու ջրում առկա դրանց խտությունից:

Փորձագետները նախազգուշացրել են, որ եթե աղտոտումը շարունակվի իր ներկայիս տեմպերով, ապա հնարավոր են երկարաժամկետ հետևանքներ մոլորակի ջրային էկոհամակարգերի և ամբողջ մարդկության համար:

«Ամբողջ աշխարհում պլաստիկով աղտոտվածության աճը նվազեցնելու անհրաժեշտություն կա»,- նշել է ԱՀԿ մեկ այլ ներկայացուցիչ՝ Մարիա Նեյրան:

Նա կոչ է արել այս թեմայի ավելի մանրամասն ուսումնասիրություններ անցկացնել:

Համաշխարհային օվկիանոսում պլաստիկ թափոնների կրճատման վերաբերյալ առաջին միջազգային համաձայնագիրը ձեռք է բերվել հունիսի 16-ին Ճապոնիայում կայացած G20-ի հանդիպմանը: Համաձայնագրերի կատարումը կիրականացվի կամավոր հիմունքներով: