Վարշավա այցով Սերժ Սարգսյանն ուղերձ հղեց Մոսկվային


16:52 , 28 հունիս, 2013

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է Միջազգային հարաբերությունների լեհական ինստիտուտի (Վարշավա) քաղաքական փորձագետ Կոնրադ Զաշտովտը:

 - Պարոն Զաշտովտ, օրերս պաշտոնական այցով Լեհաստանում էր ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, ուստի այս օրերին հետաքրքիր կլիներ հասկանալ, թե Լեհաստանը, լինելով ԵՄ առանցքային երկրներից մեկը, զուգահեռաբար վարո՞ւմ է ուրույն արտաքին քաղաքականություն Հարավային Կովկասում՝ Եվրամիությունից անկախ, թե՞ այդ քաղաքականությունը համընկնում է այս տարածաշրջանում ԵՄ-ի շահերին:

 - Ես կսկսեի նրանից, որ Լեհաստանը հանդիսանում է այն երկրներից մեկը, որոնք ԵՄ «Արևելյան գործընկերություն» ծրագրի նախաձեռնողներն են եղել: Դա, իհարկե, լեհական ծրագիր չէ, բայց Լեհաստանը, Շվեդիան դարձան նախաձեռնողները 2009 թ.: Թեև ծրագիրը չի վերաբերվում տարածաշրջանային անվտանգությանը, բայց այն, իհարկե, մեկնարկեց 2008 թ. Վրաստանում տեղի ունեցած պատերազմից հետո: Դա կարելի է համարել ԵՄ-ի պատասխանն այս տարածաշրջանի մարտահրավերներին և այն երկրներում մարտահրավերներին, որոնք համարվում են ԵՄ-ի Արևելյան գործընկերները: Ուստի բոլոր տարածաշրջանային խնդիրները՝ անվտանգությանն ու տնտեսությանն առնչվող, համակարգվեցին այս մեկ՝ «Արևելյան գործընկերություն» հարթակով:

 Իսկ պաշտոնական այցերը Լեհաստան, Լեհաստանից Հայաստան, նաև լեհ փորձագետների այցերը Հայաստան պետք է դիտարկել ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագրով պայմանավորված բանակցությունների կոնտեսքտում: Թեև Հայաստանն այս գործընթացի առաջատարներից չէ, բայց շատ բան է արդեն արված, և կարելի է ասել, որ մեծ հնարավորություն կա, որ այդ համաձայնագիրը կնախաստորագրվի նոյեմբերին Վիլնյուսում կայանալիք «Արևելյան գործընկերության» գագաթնաժողովին:

 - Ասոցացման համաձայնագիրն ընկալվում է որպես Եվրաինտեգրացիայի առաջին մակարդակ, Դուք կարծում եք, որ Հայաստանը կանցնի՞ Եվրաինտեգրացիայի առաջին փուլը:

 - Սա դեռևս Եվրաինտեգրացիա չի համարվում, բայց ես կարծում եմ, որ սա շատ լավ սկիզբ է, որ Հայաստանը շարունակի այդ ուղին, բայց այս մասին դեռ հայտարարություններ չեն եղել:

 - Հայաստանը, որը կանգնած է Ասոցացման համաձայնագրի նախաստորագրման շեմին, նաև Ռուսաստանի ռազմավարական գործընկերն է, և Ռուսաստանը խանդով է վերաբերվում Հայաստանի ավելի անկախանալու փորձերին: Ռուսաստանն անուղղակիորեն որոշակի ճնշումներ է գործադրում Հայաստանի նկատմամբ: Հայաստանը կարո՞ղ է հաղթահարել այդ ճնշումները և ինչպե՞ս պետք է դա անի:

 Սա բավական բարդ հարց է, որովհետև գաղտնիք չէ, որ Հայաստանը կախված է Ռուսաստանից անվտանգության, տնտեսության առումով, այնպես որ Ռուսաստանը որոշակի ճնշման լծակներ ունի Հայաստանի վրա: Բայց ես, այնուամենայնիվ, գտնում եմ, որ Ռուսաստանն այդքան էլ լուրջ չի վերաբերվել ԵՄ «Արևելյան գործընկերություն» ծրագրին, և չեմ կարծում, թե դա Ռուսաստանի համար որոշակի սպառնալիք է իր ինտեգրացիոն նախագծերի նկատմամբ, բայց ներկայումս միգուցե ինչ-որ բաներ փոխվել են, և կա մեկ այլ ծրագիր, որը փորձում է Ռուասաստանը շարունակել։ Դա Մաքսային միությունն է, Եվրասիական միությունը, և ամենահետաքրիրն այն է, թե Հայաստանը կանդամակցի՞ այդ միություններին, թե՞ ոչ: Սերժ Սարգսյանի կարծիքով, փաստորեն, այդ ծրագրերը հնարավոր է համատեղել, թեև շատերը պնդում են, որ դա անհնար է:

 - Լեհաստանում երկրիի նախագահի հետ համատեղ ասուլիսում Սերժ Սարգսյանն ասել էր, թե Հայաստանը շարունակելու է իր քաղաքականությունը «և-և»-ի սկզբունքով տանել առաջ: Հետաքրքրական է այն, որ նա ընդգծել էր՝ Հայաստանի ու Ռուսաստանի ռազմավարական գործընկերային հարաբերությունների մասին: Ի՞նչ էր ակնարկում Սերժ Սարգսյանը՝ Լեհաստանում խոսելով Ռուսաստանի հետ գործընկերային հարաբերությունների մասին:

 - Ես կարծում եմ, որ նախագահ Սարգսյանի այս այցը Վարշավա պատահական չէր: Նա ցանկանում էր ինչ-որ մեսիջ փոխանցել Մոսկվային, թեև դա կարող է բավականին տարօրինակ հնչել: Ինձ թվում է, որ նա ցանկանում է շարունակել այն քաղաքականությունը, որը Հայաստանի քաղաքական գործիչները շարունակում են ավելի քան 20 տարի։ Խոսքը կոմպլեմենտար քաղաքականության մասին է, այսինքն՝ ունենալ լավ հարաբերություններ և՛ Ռուսաստանի, և՛ Արևմուտքի հետ: Բայց, իհարկե, տնտեսական ինտեգրացիոն գործընթացներն այդ սկզբունքով շարունակել հնարավոր չէ: Այս դեպքում բարդ կլինի, որովհետև այստեղ կան շատ տարբեր տեխնիկական բարդություններ և այն, ինչ առաջարկում է ԵՄ-ն շատ հստակ և կոնկրետ երկրի բարեփոխումներ են։ Այստեղ կարծում եմ որ կոմպլեմենտարությունը կշարունակվի, բայց այնուամենայնիվ տնտեսական երկկողմանի ինտեգրացիոն գործընթացներն անհնար են:

 - Լեհաստանի նախագահը ևս ասել էր, թե տնտեսական ինտեգրացիոն երկկողմանի գործընթացներն անհնար են, և ԵՄ պաշտոնյաներն այդ մասին թմբկահարում են արդեն վաղուց: Ի՞նչ եք կարծում՝ Հայաստանը որքա՞ն կարող է խուսափել ընտրությունից, երբ որոշում կայացնելու պահը, շատերի կարծիքով, հասունացել է:

 - Այո, հասունացել է ՀՀ կառավարության լուրջ որոշումներ կայացնելու պահը: Դեռևս սպասում ենք Ասոցացման համաձայնագրի բանակցային գործընթացի ավարտին, այն պետք է ավարտվի սեպտեմբեր ամսին: Չեմ բացառում, որ այդ որոշումը կայացվի նոյեմբեր ամսին Վիլնյուսում:

 - Իսկ Ասոցացման համաձայնագրի բանակցային գործընթացն ինչպե՞ս եք գնահատում:

 - Ես կարծում եմ, որ ՀՀ կառավարությունը շատ լավ է տանում բանակցությունները, չեն եղել մեծ դժվարություններ: Հետաքրքիր է, թե ինչ կլինի, երբ իրականացման փուլը գա: Այսինքն՝ այդ հարցի փուլը պետք է գա համաձայնագրի նախաստորագրումից հետո:

 - Եթե Վիլնյուսում նոյեմբերին նախաստորագրվի Ասոցացման համաձայնագիրը, որը շատերը կասկածի տակ են առնում, կարո՞ղ ենք արդյոք ռուսական ինտեգրացիոն գործընթացների հեռանկարը փակված համարել:

 - Չենք կարող, քանի որ հետո դեռևս պետք է սպասել, որ ստորագրվի և շարունակվի ՀՀ իշխանությունների կողմից բարեփոխումներ իրականացնելու քաղաքական կամքը, որպեսզի գործընթացն ավարտվի, իսկ հետո արդեն հստակ կլինի, կարծում եմ: