ԱԱԾ–ն հափշտակման նոր դեպք է բացահայտել ՊՆ–ում. ավելի քան 21 մլն դրամ է վատնվել


13:08 , 21 օգոստոս, 2019

Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունը կոռուպցիայի դեմ պայքարին ուղղված իր գործառույթների իրականացման շրջանակներում ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների և քննչական գործողությունների արդյունքում բացահայտել է ՀՀ պաշտպանության նախարարության կարիքների համար գնումների գործընթացում առանձնապես խոշոր չափերով գումարի հափշտակման դեպք:

Ձեռք բերված նախնական տվյալների համաձայն՝  ՀՀ պաշտպանության նախարարության պաշտոնատար անձինք, մատակարար կազմակերպության հետ գալով հանցավոր համաձայնության, ուռճացված գնով կնքել են մատակարարման պայմանագիր, որի հիման վրա այդ ընկերությանն ապրանքատեսակի իրական շուկայական արժեքի փոխարեն փոխանցել են 21 մլն 700 հզր ՀՀ դրամով ավել գումար, որի արդյունքում առանձնապես խոշոր չափերով նշված գումարը վատնվել է:

Առերևույթ հանցագործության դեպքի առթիվ ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածներով:

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի օրինական ուժի մեջ մտած դատավճռով: