Ամուլսարը մի կառավարության, նույնիսկ ԱԺ-ի կամ վարչապետի որոշելու հարց չէ


10:29 , 20 օգոստոս, 2019
Ես բան չէի գրում այս թեմայով, քանի որ առանց ինձ էլ ով ասես ինչ ասես գրել էր, անկապ կամ հիմնավոր, բայց կարծում եմ, դիրքորոշում հայտնելը ճիշտ է։ Իհարկե մասնագետ չեմ, բայց սխալ է նաեւ ասել, ես բան չեմ հասկանում, թող իմ տեղ որոշեն, հետո կերեւա, ուրախ եմ թե չէ։ 
Խորհրդային միության՝ ինչպես մնացած մոդերնիստական պետությունների մարդ-բնություն հարաբերությունների փիլիսոփայությունը տարբերվում էր էսօրվա մոտեցումներից։ Մարդը համարվում էր էվոլյուցիայի գագաթնակետը եւ մեխը, բնության հաղթող եւ իր կարիքներին ծառայեցնող ուժը։ Հանք, գործարան՝ դրանք վկայություն էին գիտության եւ մտքի հաղթանակը բնության ուժի նկատմամբ։ Նոր հսկա գործարանը ծխնելույզներից բարձրացող ծխով ինքնին ավելիգեղեցիկ եւ հզոր տեսարան էր, քան ղզիկ ծաիկներով դաշտը։ Հիշեք Սեւանի աղետը, որի տակից մինչեւ այսօր դուրս չենք կարողանում գալ, բայց այն ժամանակ կային հստակ հաշվարկներ, որ մեծ Սեւանի չորացնելը միայն օգուտ կբերի տնտեսությանը, 60ականների շատ լավ կինոնկար կա այդ թեմայով, հին եւ նոր մոտեցումների բախման, մարդկանց ճակատագրերի մասին, երբ երիտասարդ ինժեները իր հորը մեղադրում էր Սեւանը իջեցնելու աշխատանքներին մասնակցելու համար, հերն էլ ասում էր՝ հազարավոր մարդկանց փրկեցի սոված մահից։ Դա ո՛չ լավ է, ո՛չ վատ՝ ժամանակի շունչն էր այդպիսին։ Գետեր էին շուռ տալիս։ Բայց նույնիսկ այդ ժամանակներում կային հետախուզված հանքեր, որոնք չէին շահագործվում, քանի որ նույնիսկ այն ժամանակվա պատկերացումների ներքո էկոլոգիաական ռիսկերը համարվում էին անկառավարելի, օրինակ, ինչքան գիտեմ, Հրազդանի պողպատի հանքը եւ շատ ուրիշ։ 
Հիմա, Ամուլսարի ինչն է վախենալու։ Սարի՝ սար մնալու իրավունքը, բնությունը եւ այլն թողենք մի կողմ։ Ջրաբերի ավազի կռծած-կերած սարն էլ ափսոս է, բայց դե բացի փոշուց ու լանդշաֆտի այլանդակվելուց սարսափելի խնդիր չի ստեղծի։ Էս մետաղական հանքերը ուրիշ պատմություն են։ Մի քիչ պրիմիտիվ օրինակ բերեմ, թե ինչպես եմ պատկերացնում։ Կա սառնարան, որի մեջ դրված է խորը ափսե՝ խիստ թունավոր հեղուկով։ Փորձաքննությունը կարող է հաստատել, որ ափսեն բավարար որակի է, ճաքեր չունի, չի հոսում, սակայն ոչ ոք չի կարող երաշխավորել, որ սառնարանին հարվածելուց ափսեից թույնը չի թափվի տակը դրված պանիրի կամ ձմերուկի վրա։ Կամ մի երեխա մատը չի մցնի, որ փորձի էդ ինչ հեղուկ ա։ Սարի փեշին մահացու լճակ ունենալը նման մի բան է, այն էլ անվերջ պահպանման ժամկետով։ 
Հնչում է կարծիք, որ Ամուլսարի հանքային ծրագրի փակելու դեպքում ներդրումներ այլեւս չեն լինի։ Ուզում եմ մասնագիտական հիմնավորումներ լսել։ Կարծում եմ, որ հակառակ, դա կլինի քաղաքական քայլ, որը ցույց կտա, որ ՀՀ-ն կարգավիճակ է փոխում եւ հումքային կցորդ այլեւս չի լինի։ Որից հետո կավելանան ներդրումներ ուրիշ ոլորտներում, քանի որ այս մեծ ծրագիրը չի կարող բացասական ազդեցություն չունենալ փոքր եւ միջին բիզնեսի, տուրիզմի, գյուղատնտեսության վրա։ Ուրիշ բան, որ հենց հանքարդյունաբերության ծրագրեր իրականացնողները վստահ կփորձեն պատժել՝ նյութապես, քաղաքական ճնշումներով, քանի որ դրանց համար ամենահարմար գործունեության դաշտը կառավարելի կոռումպացված թույլ պետություններն են։ Կարող ա եւ սխալվում եմ, բայց չեմ տեսել լուրջ վերլուծություն, միայն իրար վախեցնել կա։ Նաեւ ակնկալվող շահույթը այս ծրագրից եւ կորցվելիքը՝ ուրիշ հնարավոր ծրագրերից, դրանց հարաբերության հաշվարկը կա՞։
Բնականաբար, օտար օպերատորների մոտիվացիան եւ պատասխանատվությունը ուրիշ պետության բնակչության նկատմամբ չի կարող բավարար լինել որեւէ դեպքում։ Սակայն խնդիրը միայն օտարի մեջ չէ։ Մենք էլ փնթի ու անպատասխանատու ենք։ Թեղուտի՞ մասին հիշեցնեմ, արագիլների, թե տո հենց թեկուզ քլորով լճերն ու գետերը թունավորող ձկնորս գյուղացիների։ Կվստահե՞մ մերոնց էս մեր մշակույթի եւ գիտության մակարդակով ռիսկային հանք շահագործել։ Դա էր պակաս։

Ասածս ինչ է, սա մի կառավարության կամ վարչապետի որոշելու հարց չէ, նույնիսկ ԱԺ-ի։ Որ ասում են «պատասխանատվություն ենք կիսում», ուզում եմ հասկանալ, ինչի մասին է խոսքը։ Հանքը բացելու դեպքում, Աստված չտա, աղետի դեպքում ինչո՞վ են պատասխան տալու, խառակիրի անելո՞վ, թե ՕԶԿ հագած գնալու են պոչամբարի տակ թունել փորելու։ Իսկ չբացելու դեպքում, նյութակա՞ն, սեղանին դրված կա՞ այդ գումարը։ Քաղաքական պատասխանատվությունը այս դեպքերում անիմաստ մի բան է։ Այնպես որ, կարծում եմ, պետք է հանրաքվե անցկացնել, իհարկե լուրջ, գրագետ, բաց բանավեճերից եւ ուսումնասիրություններից հետո, բոլորս կիսենք պատասխանատվությունը, կամ սոված մնանք, կամ թունավորվենք՝ ամեն մեկս պետության եւ ընտանիքներիս համար պատասխան տալով։ 
․․
Ներողություն խառը շարադրանքի, անկապ մտքերի եւ ավել-պակասի համար: