Ես նեղացած եմ էն վարչապետից, ով անցյալ տարի ինձ հետ ոստիկանի կողմից բռնության ա ենթարկվել, իսկ հիմա նույն ոստիկանին իմ դեմ ա հանում


09:18 , 20 օգոստոս, 2019
Հնարավորինս փորձելով էմոցիաներս զսպել` ուզում եմ ասել գլխումս կուտակվածը:
Ես նեղացած եմ, ընկերներ, նեղացած եմ բոլոր նրանցից, ովքեր մեկ տարի առաջ ինձ ասում էին` Ան, մենք հաղթելու ենք, Ան, հեղափոխություն ենք անելու, ամեն ինչ լավ ա լինելու, իսկ հիմա երևակայում են, թե հեղափոխությունը իրենցն էր, իշխանությունն էլ այժմ հենց իրենց է պատկանում:
Հիշեցում. իշխանությունը ժողովրդինն է:
Ես նեղացած եմ, անսահման նեղացած էն մարդկանցից, ովքեր մեկ տարի առաջ ասում էին` հեղափոխություն կանենք, կրթության ոլորտում շատ բաներ ենք փոխելու, տո դեկանիդ էլ հանելու ենք, իսկ այժմ միայն ֆբ-ում են ստատուս գրում` մոռացության մատնելով կրթությունը, գիտությունը, համալսարանում տիրող անարդարությունները, տո դեկանին էլ:
Ես նեղացած եմ, նեղացած եմ էն մարդկանցից, ում էջերում գրառումներ էի տեսնում Մաշտոցի պուրակի` հանրային տարածք լինելու վերաբերյալ, իսկ իրենք այժմ նստել և ասում են` եթե մասնագետներ որոշեն, որ վնաս չի լինելու, ուրեմն հանքը պետք ա բացվի, կամ թե` ԱԺ-ն ցույցի տեղ չի, դռները դրա համար էին փակել:
Ես նեղացած եմ, նեղացած եմ բոլոր նրանցից, ովքեր անցած տարի ասում էին` Անի, ապրես, ոգեշնչվել եմ քեզնից, փողոց եմ դուրս եկել, Անի, հաղթելու ենք, իսկ հիմա նման կարգի մեկնաբանություններ են գրում` խի՞ ես ամեն ինչի կենտրոնում դու, գնացել էիր, որ քեզ ցու՞յց տայիր:
Ես նեղացած եմ, նեղացած եմ էն վարչապետից, ով անցյալ տարի ինձ հետ փողոց ա փակել, ով անցյալ տարի ոստիկանի կողմից բռնության ա ենթարկվել, իսկ հիմա նույն ոստիկանին իմ դեմ ա հանում, որ իմ հանդեպ բռնություն կիրառի: Ես նեղացած եմ, նեղացած եմ բոլոր էն մարդկանցից, ովքեր անցած տարի բողոքում էին, որ Փեթակի դռները քաղաքացու առջև փակել են, էն վարչապետից, ով մտավ Փեթակ, հատուկ ինձ համար սուջուխ գնեց, իսկ այժմ այգու դռներն ա փակում, թույլ չի տալիս հանրային քննարկում անել:
Ես նեղացած եմ, նեղացած էն մարդկանցից, ովքեր 2018-ին ասում էին` եթե մեզ չեն լսում, փողոց կփակենք, դա նորմալ ա, ընդունված բան ա ամբողջ աշխարհում, իսկ հիմա պնդում են, թե փողոց փակելով հարց չի լուծվում, ինչ լինում ա, փողոց եք փակում:
Ես նեղացած եմ, նեղացած եմ նրանցից, որ ռուսաստանյան, վրաստանյան նկարներ են գցում, գոռում` այոոոո, իշխանությունը բոլոր երկրներում էլ պետք է ժողովրդին պատկանի, իսկ էսօր ինձ ու շատերին հայհոյում էին, քանի որ պայքարում էինք առողջ ապրելու մեր իրավունքի համար, քանի որ վանկարկում էինք, որ իշխանությունը ժողովրդինն ա:
Ես նեղացած եմ, նեղացած եմ էն մարդուց, ով ասում էր` Ձեզանից յուրաքանչյուրը վարչապետ ա, Դուք պետք ա որոշեք, իսկ այսօր ինքը որոշում է և ասում` էսպես ա, վերջ:
Ես նեղացած եմ, նեղացած բոլոր-բոլորիցդ, ընկերներ, ես Ձեզ հետ եմ պայքարի դուրս եկել, կարելի ա ասել` առաջին թռիչքը ձեզ հետ եմ կատարել, իսկ էսօր դուք ինձ ասու՞մ եք` հերիք վեր-վեր թռնես, տեղդ վեր ընկիր, քո տեղը ներքևն ա, թռչելը քոնը չի:
Պարոն Փաշինյան, պարոնայք նախարարներ, տիկին նախագահ, պարոնայք և տիկնայք պատգամավորներ, հեղափոխական ընկերներ, Դուք ինձ պայքարելու ուժ, ցանկություն եք տվել, իսկ այժմ ասում եք` իզու՞ր ա, դու ոչ ո՞ք ես, շատ փոքր մա՞րդ ես, որ որոշես, հիմար, անմիտ ակտիվիստ ես, որ ամեն առիթով փողոց ա փակու՞մ:
Աշխարհում ինչ-որ բան հաստատ սխալ ա, ու չեմ ուզում հավատալ, որ էդ սխալը իմ` մարդու (էս դեպքում` ձեր) նկատմամբ ունեցած վստահությունը, հավատը ու հույսն ա: