14:40 , 28 հունիս, 2013Վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանի տարեկան հաշվետվության ներկայացումը բավականին հետաքրքիր իրավիճակ է ստեղծել իշխանության ներսում: «Առաջին լրատվական»-ի տեղեկություններով՝ իշխանությունները այժմ այդ իրավիճակից ելքեր են փնտրում: Լուրեր են շրջանառվում, որ այս անգամ նախագահ Սերժ Սարգսյանը ևս բարկացած է Ի. Զաքարյանի վրա, քանի որ վերջինս այդ հաշվետվությամբ ՀՀ բոլոր պաշտոնյաներին անուղղակիորեն «գող» է անվանել: Եվ որքան էլ ՎՊ նախագահն ասում է, որ հայտնաբերած խախտումները քննարկել է նախագահի հետ, որոշ տեղեկությունների համաձայն՝ Ս. Սարգսյանը խիստ դժգոհ է այն հանգամանքից, որ սոցիալ-տնտեսական այս լարված իրավիճակում Ի. Զաքարյանն այդ քննարկումը վերածեց շոուի: Ասում են նաև, որ որոշ խախտումներ կամ հանգամանքներ ՎՊ նախագահը Ս. Սարգսյանին խեղաթյուրված է ներկայացրել:
Որոշ տեղեկությունների համաձայն՝ ՎՊ այս հաշվետվության ներկայացումը գրավել է նաև միջազգային կառույցների ուշադրությունը, ովքեր նույնպես ֆիքսել են այնտեղ տեղ գտած չարաշահումներին վերաբերող փաստերը: Հավանաբար, առաջիկայում դրանք իրենց ազդեցությունը կթողնեն միջազգային կառույցների՝ Հայաստանին վերաբերող զեկույցների վրա: Ի դեպ, ՎՊ հաշվետվության քննարկմանը ԱԺ-ում հետևում էին նաև միջազգային կառույցների ներկայացուցիչները:
Նշենք նաև, որ Ազգային ժողովում այս անգամ այդ հաշվետվության քննարկումը բավականին աղմկոտ ստացվեց: Առաջին անգամ դրա նկատմամբ առաջացավ ներիշխանական դժգոհություն: Կառավարությունն ու վարչապետ Տիգրան Սարգսյանը հենց քննարկման ժամանակ ընդդիմացան Ի. Զաքարյանին:
Բանն այն է, որ Ի. Զաքարյանի ներկայացրած հաշվետվությունից այնպիսի տպավորություն ստեղծվեց, որ Հայաստանի պետական համակարգում բյուջեի փողերը ծախսվում են համատարած խախտումներով ու չարաշահումներով: Խնդիրն այն չէ, որ Ի. Զաքարյանը սխալ է ասել: Նրա հաշվետվության ներկայացումը թեև մի փոքր ուռճացված և երբեմն շփոթություն առաջացնող էր, բայց հիմնականում արտացոլում էր ճիշտ իրավիճակը: Եվ այժմ իշխանությունները պետք է բացատրություն տան, թե այդ գողերին ինչու չեն պատժում: Դա նշանակում է, որ պետական կառավարման համակարգը՝ սկսած Սերժ Սարգսյանից, պետք է կա՛մ հրաժարական տա, կա՛մ էլ ձերբակալվեն բյուջետային միջոցները մսխած անձինք: Իշխանությունները այժմ ելքեր են փնտրում՝ ինչպես դուրս գալ Ի. Զաքարյանի ստեղծած իրավիճակից:
Տ. Սարգսյանը արդեն երկու անգամ նախարարներին հանձնարարել է անձամբ պատասխան տալ իրենց ոլորտների համար: Այսօր էլ նա նախարարներին հանձնարարել է առանձին-առանձին հանդիպել լրագրողների հետ ու ՎՊ-ի հաշվետվության հետ կապված՝ իրենց ոլորտների վերաբերյալ բացատրություններ ներկայացնել: Թե իշխանություններին որքանով կհաջողվի մեղմել ՎՊ նախագահի ստեղծած իրավիճակը՝ դժվար է ասել: Խոսակցություններ են շրջանառվում, որ այստեղ կա երկու տարբերակ՝ կա՛մ Ի. Զաքարյանի հաշվետվությունն է ճիշտ, ու բոլոր պաշտոնյաները պետք է պատասխանատվության ենթարկվեն, կա՛մ իշխանությունները պետք է «սխալ» հանեն Ի. Զաքարյանին:
Հավելենք, որ Ի. Զաքարյանը մեկնել է Գերմանիա՝ գործուղման: