Նորաձևության վերջին միտումները ևս մեկ անգամ ապացուցեցին, որ կարմիր շրթներկը նորաձևությունից երբեք դուրս չի գա: Այն կփոխի իր երանգները քմահաճ կնոջ նման, բայց միշտ կմնա ցանկալի: Որոշ դիզայներների մոտ այն գոթական երանգներ ուներ (օրինակ՝ Etro, Givenchy, Gucci), իսկ դու կարող ես այն դարձնել զուսպ ու դասական՝ համադրելով նուրբ կարմրաներկի ու աչքերի արտահայտիչ դիմահարդարման հետ:
Cosmo խորհուրդ
Մուգ կարմիր շրթներկ քսելիս հիշիր, որ «խուլ», խիտ երանգները կլանում են լույսն ու շուրթերը վիզուալ բարակացնում. այնպես որ, շրթներկի վրայից մի փոքր անգույն փայլ քսիր:
Մթնշաղ
Աննախադեպ չափերի հասնող երկրպագուների բանակ հավաքած «Մթնշաղ» ֆիլմի ազդեցությունը չի նվազում, իսկ թե գոթական ուղղվածությունը նորաձևության և դիմահարդարման մեջ որքանով է կապված դրա հետ, որոշիր ինքդ: Ինչևէ, ոսկեգույն կոճգամները, կաշվե հագուստն ու անփույթ smokey eyes-ն այս աշուն թող դառնան քո նոր կերպարի հիմքը:
Cosmo խորհուրդ
Արտահայտիչ smokey eyes-ը սկսիր աչքի մատիտով: Մատիտը քսելուց հետո պետք է ստվերաներկերի համար նախատեսված կոշտ վրձնի օգնությամբ այն խառնել նույն երանգի ստվերաներկի հետ՝ գունային սահմանների հակադրությունը վերացնելու համար:
