ՌԴ Ուլյանովսկի մարզում ընտանիքի անդամներին սպանած պատանու ընկերը պատմել է կատարվածի նախօրեին իրենց հանդիպման մասին (Video)


15:03 , 19 օգոստոս, 2019

ՌԴ Ուլյանովսկի մարզի Պատրիկեևո գյուղում, որտեղ այսօր առավոտյան զանգվածային սպանություն էր տեղի ունեցել, նախօրեին նշվել է գլխավոր գյուղական տոնը՝ Զորամասի օրը: Տոնը նշվում է հենց զորամասում, որտեղ էլ հավաքվում է գյուղի ողջ բնակչությունը:

Ինչպես հաղորդում է «Մոսկովսկի կոմսոմոլեցը», այս մասին պատմել է ընտանիքի անդամներին սպանած պատանու մտերիմ ընկերներից մեկը՝ հայտնելով, որ ընկերն ու նրա մայրը նույնպես ներկա էին տոնակատարությանը: Տղայի խոսքով՝ նրան մայրն էր մեծացնում, հորը երբեք չեն տեսել:

Պարբերականի զրուցակցի խոսքով՝ ինքը վերջիններից մեկն էր, որը տեսել է տղային կատարվածից առաջ: «Մենք կանգնած զրուցում էինք, նա պատմում էր, թե ում է տեսել տոնի ժամանակ, ում հետ է պարել»,- ասել է պատանու ընկերը: Նրա խոսքով՝ տղան նորմալ վիճակում էր, չարացած չէր, սակայն նրանից սպիրտի հոտ էր գալիս: Նրանց հանդիպումը տեղի է ունեցել 23:00-24:00-ի ընթացքում:   

Մահացած պատանու ընկերը նշել է նաև, որ նա բարի և կամեցող էր, ցանկանում էր գերազանց ավարտել դպրոցը, մեդալ ստանալ և ընդունվել Ուլյանովսկի բուհերից մեկը:  

«Այնպիսի տպավորություն է, ասես նրան ինչ-որ մեկը հիպնոսացրել է, նա ինքն այդպես չէր կարող անել: Նա բարի և նորմալ մարդ էր»,- եզրափակել է դպրոցականը:

Հիշեցնենք, որ ընտանիքի հինգ անդամի՝ 66-ամյա տղամարդու, 69-ամյա և 42-ամյա կանանց և երկու 4-ամյա երեխաների մարմինները հայտնաբերվել էին օգոստոսի 18-ի առավոտյան իրենց տանը, իսկ 16-ամյա պատանու մարմինը՝ մոտակայքում գտնվող բջջային կապի աշտարակի հարևանությամբ:

Պատանին գրություն էր թողել, որում ասվում էր, որ ցանկանում է հեռանալ կյանքից և իր հետ տանել իր հարազատներին, որպեսզի նրանք չտանջվեն: