Ամուլսարի հանքի շահագործման դեմ պայքարող ակտիվիստների ավտոերթը հասավ Երևան:
Ակտիվիստները Երևանի Նորագավիթ թաղամասում թողել են իրենց մեքենաներն ու մետրոյով շարժվել դեպի Բաղրամյան 26, որտեղ վարչապետ Փաշինյանը հանդիպում է նախաձեռնել Ջերմուկի համայնքապետի, ավագանու անդամների, դպրոցների տնօրենների հետ:
Փաշինյանն առաջարկել էր հանդիպել նաև քաղհասարակության հինգ ներկայացուցչի հետ, սակայն նրանք մերժել էին վարչապետի առաջարկն ու Ջերմուկից ավտոերթով եկել Երևան:
Նշենք, որ օրեր առաջ Ջերմուկում հանրահավաք տեղի ունեցավ, որտեղ քաղաքացիները սպասում էին վարչապետ Նիկոլ Փաշինյանին, որը խոստացել էր փորձաքննության արդյունքները պատրաստ լինելու դեպքում գալ ու քննարկել հանքի շահագործման հարցը: Հիշեցնենք, որ Քննչական կոմիտեն հրապարակել էր Ամուլսարի ոսկեբեր քվարցիտների հանքավայրի շահագործման հետ կապված համալիր փորձաքննության արդյունքները:
Դրա կատարումը հանձնարարվել էր Advanced Resources Development (ELARD) ընկերության փորձագետների խմբին։