Քանի դեռ չենք կարողացել խելքի բերել մեր միջպետական ճանապարհները՝ խոսել գոնե ներգնա տուրիզմի զարգացման մասին ավելորդ է


09:47 , 19 օգոստոս, 2019
Անցած շաբաթ 1200կմ-ից ավել ճանապարհ եմ անցել՝ Տավուշ, Գեղարքունիք, Արարատ, Վայոց ձոր, Սյունիք ու նորից պետք է խոսեմ ճանապարհների մասին. Քանի դեռ չենք կարողացել խելքի բերել մեր միջպետական ճանապարհները՝ խոսել գոնե ներգնա տուրիզմի զարգացման մասին ավելորդ է: Նյարդայնանում ես մեր ճանապարհներին, մեքենանեն ես ջարդում ու տեղեր էլ կան, որ շարունակում է կյանքի համար վտանգ ներկայացնել, ուստի գոնե պետք է հագեցնել էդ հատվածները ճանապարհային նշաններով: Հատկապես տխուր է Վայոց Ձորի և Սյունիքի տարածքով անցնող Մ2 մայրուղին, էստեղ խոսքեր ուղղակի չկան: Լավն այն է, որ Տավուշում ու Սյունիքում նկատվում է ակտիվ ճանապարհաշինություն, ահագին գործ արվել է, ահագինն էլ երևի թե հասցնեն, ես նման մասշտաբների հիմնանորոգում, չեմ հիշում, խոսքը ոչ թե փոսալցումների մասին է, այլ հիմնանորոգում է գնում, ինչը թույլ կտա գոնե 4-5 տարի էդ հատվածներում նորմալ ճանապարհ ունենալ: Մեկ լավ բանի մասին էլ եմ ուզում հայտնել՝ Սյունիքի մարզի Մեղրի ու Ագարակ քաղաքները միշտ էլ համարվել են բարձր կենսամակարդակ ունեցող համայնքներ, որտեղ ըստ էության աշխատանատեղերի խնդիր չկա ու չկա արտագաղթ, Ագարակում սկսել են 6 հարկանի բազմաբնակարան շենքի կառուցման աշխատանքներ, ինչը նշանակում է, որ Ագարակը դառնում է Երևանից ու աղետի գոտուց հետո այն միակ տեղը, որտեղ սովետական միության փլուզումից հետո առաջին անգամ բազմաբնակարան է կառուցվում: Այս լուրն ամենաուրախալի է