Վարչապետը թող հասարակությանը ներկայացնի`ինչ է իրականում կատարվել նախկին քիմիական հսկայի հետ


13:29 , 28 հունիս, 2013

Երեկ ահագին գլուխ եմ ջարդել վարչապետի հայտնած մտքի վրա, որ թող «Նաիրիտի» հարցով կառավարության բոլոր որոշումները հրապարակվեն: Քանի որ վարչապետն ինքն է՝ թող հրապարակի, և մենք էլ վերջապես հասկանանք, թե ինչ կատարվեց նախկին քիմիական հսկայի հետ: Իսկ ամեն ինչ՝ այդ թվում «Ռեյնովիլ փրոփերթի»-ի ոդիսականը՝ միջպետական բանկից 70 մլն դոլարի վարկը, դրանից 31 միլիոնի կորուստը, հետագա վարկերն ու կորուստները, սկսվեց 2006-ին, երբ վարչապետը դեռ Ա.Մարգարյանն էր, իսկ Տ.Սարգսյանը՝ ԿԲ նախագահ: Որպես ԿԲ ղեկավար Սարգսյանը խոսում էր, ավելի ճիշտ գրում էր մտքի հեղափոխությունից, իսկ որպես վարչապետ՝ մտածելակերպի փոփոխությունից: Որպես օրինակ վերցնելով սեփական անձս՝ կարող եմ ասել, որ վարչապետը կարող է իրականացնել իր նշած փոփոխությունները գոնե իր մասով, եթե իհարկե ցուցաբերի համապատասխան կամք: Ես, օրինակ, Սովետի ժամանակ որպեսզի աշխատանքի անցնեի Երևանում, պետք է գրանցում ունենայի, ինչը փող արժեր, իսկ աշխատանքի անցնելը ևս նույնն էր պահանջում: Եվ ես ստիպված գնացել եմ այդ քայլերին: Բայց երբ կյանքն ինձ հանդիպեցրեց Ա.Կոստանյանին (Աստված հոգին լուսավորի), ես որպես ԳՐԱՆՏԱԿԵՐ (սա ձեզ համար՝ իրական ԳՐԱՆՏԱԿԵՐՈՒԹՅԱՆ ջատագովներ) «Թրանսփարենսի Ինփթերնեշնլ» կազմակերպության անդամ տարիներ առաջ հրաժարվեցի գիտությունների թեկնածու կնոջս դասախոսական աշխատանքի տեղավորելու համար կաշառք տալուց: Դա, բնականաբար, հեշտ չանցավ մեզ համար, բայց իմ ընտանիքը հաղթահարեց այդ փուլը: Հիմա ես առաջարկում եմ մոտավորապես նույնն անել վարչապետին՝ հասարակությանը ներկայացնել, թե ինչ է իրականում կատարվել «Նաիրիտի» հետ, ինչ դեր ունեին այդ հարցում ինքը և «Նաիրիտի» ֆինանսական տնօրեն իր հարազատ եղբայրը: Եվ երկու միջանկյալ հարց էլ՝ ե՞րբ և ի՞նչ մրցույթի արդյունքում է նրա հարազատ եղբայրը նշանակվել այդ պաշտոնին: