Կալանավորներին հաջողվել է գյուղապետներից 900.000 դրամ կորզել


13:14 , 28 հունիս, 2013

Նոր մի բացահայտված հանցագործության մասին կարդացի, որը մի կողմից զավեշտալի է, մյուս կողմից ցույց է տալիս հանցագործների հնարամտությունն ու ՔՀԿ-ներում տիրող անվերահսկելի մթնոլորտը, իսկ մյուս կողմից էլ՝ մեր չինովնիկներից շատերի բթամտությունը:
Ուրեմն, մի քանի օրից կմեկնարկի աղմկահարույց մի դատավարություն, որտեղ պետք է դատեն խարդախության մեջ մեղադրվող մի քանի կալանավորների, ովքեր բանտից զանգելով տարբեր չինովնիկների՝ մարզպետներ, մարզպետների տեղակալներ, գյուղապետներ և այլն, ներկայացել են իբրև նրանց վերադաս ու փող են պարտքով ուզել՝ իբր մի երկու օրից վերադարձնելու պայմանով:
Դե մեր չինովնիկներն էլ որպես կանոն ստրկամիտ լինելով չեն կարողացել ոչ միայն մերժել, այլև գոնե առերես հանդիպման դեպքում փողը փոխանցելու առաջարկ անելու սիրտ ունենալ ու որպես կանոն, միանգամից համաձայնել են: Հանցագործներն էլ ուղղակի տաքսի են ճամփել նրանց մոտ, և չինովնիկները գումարը տաքսիստի միջոցով են փոխանցել...
«Հրապարակը» գրում է, որ այս խաբեության չափերը հիրավի կարող են բավականին մեծ լինել, որովհետև հայտնի է, որ միայն երկու գյուղապետից նրանց հաջողվել է 900.000 դրամ կորզել, իսկ տուժողների ցուցակում շրջանառվում են ավելի բարձրաստիճան պաշտոնյաների անուններ, որոնք վստահաբար շատ ավելի մեծ գումարներ պարտքով շեֆերին տալու պոտենցիալ ունեն...