ՌԴ երգչուհի, հեռուստահաղորդավարուհի Օլգա Բուզովան անհաջող կատակից ու դրան հաջորդած քննադատություններից հետո սահմանափակել է իր ինստագրամյան էջին հասանելիությունը: Այժմ նրա հրապարակումները տեսնելու համար պետք է բաժանորդագրվել նրա էջին:
Նշենք, որ Instagram սոցցանցում նա 16,2 մլն հետևորդ ունի:
Օրեր առաջ Բուզովան տեսանյութ էր հրապարակել, որում նա լողազգեստով նստած է սեղանի շուրջը, լիզում է ափսեն ու ծիծաղելով իրեն համեմատում պաշարված Լենինգրադի բնակիչների հետ: Նա դա բացատրել է այն հանգամանքով, որ իր ընտանիքում «ընդունված է բան չթողնել ափսեում»:
Այս հրապարակումը քննադատությունների մեծ ալիք էր բարձրացրել ոչ միայն օգտատերերի, այլև հայտնի անձանց կողմից: Մասնավորապես, պրոդյուսեր Իոսիֆ Պրիգոժինը քննադատել էր երգչուհու ասածը և նրան համեմատել փոքրիկ երեխայի հետ, որը «կաշվից դուրս է գալիս», միայն թե իր վրա ուշադրություն դարձնեն:
Ավելի ուշ երգչուհին ներողություն էր խնդրել բոլոր նրանցից, ում կարող էր վիրավորած լինել իր խոսքերով: